Մասաչուսեթսի նահանգապետը կոչ է արել ԱՄՆ նախագահին մարդասիրական աջակցություն ցուցաբերել ԼՂ ժողովրդին

Նահանգապետը հիշեցրել է, որ Մասաչուսեթսի համայնքը վաղուց ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Մորա Հիլին նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին:

Նա մտահոգություն է հայտնել ԼՂ-ում ապրող 120 000 հայերի համար ահագնացող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ, նշել սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումների դադարեցման և մարդկանց ազատ տեղաշարժի՝ ամիսներ շարունակ խափանման մասին։ Հիլին ընդգծել է հայերի համար երկրորդ ցեղասպանության վտանգի մասին ահազանգերը։

Մորա Հիլին հիշեցրել է նաև Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների և միջանցքը բացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի պահանջների մասին։

Հիլին նախագահ Ջո Բայդենին կոչ է արել գտնել հնարավոր բոլոր ուղիները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար և շարունակել առաջ տանել շրջափակումը վերացնելու դիվանագիտական ջանքերը:

Նահանգապետը հիշեցրել է, որ Մասաչուսեթսի համայնքը վաղուց ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print