ՏԿԵ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այս պահին կանոնավոր չվերթներ սկսելու առումով հստակ ժամկետներ չկան, իսկ սակագները ճշգրտման փուլում են։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում ներքին չվերթները պետք է կարգավորվեն։ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման հիմք է հադիսացել փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը:
Նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ նախատեսվող կարգավորումը կնպաստի ավիատոմսերի ցածր սակագների սահմանմանը և Հայաստանի մարզերում օդային փոխադրումների կազմակերպման զարգացմանը: Ինչպես նաև իրականացվում են աշխատանքներ պետության այլ օդանավակայանների վերագործարկման ուղղությամբ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը Factor.am-ին փոխանցեց, որ այս պահին թռիչքներ չկան, բայց ևս մեկ փորձնական թռիչք է նախատեսվում իրականացնել դեպի Կապան որոշակի տեխնիկական ճշգրտումներից հետո։
«Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կանոնավոր չվերթներ սկսենք, բայց այս պահին աշխատանքներ են տարվում, այդ թվում՝ տեխնիկական։ Այս պահին չեմ կարող հստակ ժամկետներ նշել։ Սակագները ևս ճշգրտման փուլում են»,- ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին արդեն իսկ իրականացվել էր փորձնական թռիչք «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Կապան և հակառակ ուղղությամբ:
Չվերթն իրականացվել էր «Նովեյր» ավիաընկերության կողմից՝ L410 չեխական արտադրության ինքնաթիռով, որը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին։ ԶՊՄԿ ընկերությունից հայտնել էին, որ ընդհանուր առմամբ օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի ձեռքբերման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ՝ բացառապես իրենց տրամադրված միջոցներով։
«Նովէյր» ավիաընկերությունը այժմ նախապատրաստական աշխատանքներ է կատարում կանոնավոր չվերթերի կատարման համար: Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին: 1990-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականի մեկ մասնավոր թռիչքի: