Դիմում եմ ձեզ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների:
Սերժ Սարգսյանը բաց նամակ է հղել ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահներին, որում, մասնավորապես, ասվում է.
«Դիմում եմ ձեզ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի:
Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին: Ինձ համար մեծագույն ողբերգություն է, որ տարիներ առաջ մենք քննարկում էինք լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատվորեն կապրեին իրենց երկրում, հիմա խոսում ենք նրանց՝ գոնե ապրելու հնարավորության, ապրելու իրավունքի մասին:
Խնդրում եմ ձեզ, կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին: Վաղը կարող է ուշ լինել»:
–