Ջհանյանի խոսքով՝ Հայաստանը տնտեսական աճի առումով գերազանցում է Ադրբեջանին, և նման միտման պահպանման դեպքում Հայաստանը կհավասարվի եւ կշրջանցի Ադրբեջանին։
Ադրբեջանը շտապում է ճնշում գործադրել Հայաստանի արդյունաբերության վրա, քանի որ վախենում է ՀՀ տնտեսական աճից։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության ղեկավար Վարդան Ջանյանը։
Ջհանյանը նշեց, որ ինքը ներկայացնում է միության ընդհանուր տեսակետը։
Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության ղեկավարի խոսքով՝ եթե ՀՀ-ում ՀՆԱ-ի աճը կազմել է 12.6 տոկոս, ապա Ադրբեջանում՝ 4%։
«Հաջորդ տարի Հայաստանի կանխատեսումը կրկին երկնիշ է, Ադրբեջանի կանխատեսումը ՝ զրոյական։ Նման միտման պահպանման դեպքում Հայաստանը կհավասարվի եւ կշրջանցի Ադրբեջանին, Բաքվում հասկանում են, որ տնտեսական աճը կհանգեցնի ռազմական հավասարակշռության խախտման, որն այժմ, Ադրբեջանի իշխանությունների կարծիքով, իրենց օգտին է»,–ասաց նա։
Անդրադառնալով բնապահպանության ոլորտին՝ Ջհանյանը հիշեցրեց, որ Յեյլի համալսարանի 2022 թվականի տվյալների համաձայն՝ ՀՀ-ն 56-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 104-րդ։ Ընդ որում, 10 տարվա ընթացքում ՀՀ-ն բարելավել է դիրքերը, Ադրբեջանը՝ վատթարացրել։ ՀՀ-ն առաջ է Իսրայելից, Հարավային Կորեայից, այսինքն ՝ ավելի զարգացած տնտեսություն ունեցող երկրներից։
Ըստ նրա՝ թշնամիներին լավագույն պատասխանը լինելու է Հայաստանի շարունակական տնտեսական աճը, իսկ նրանց հետ բանավիճելը ճիշտ չէ: