Ֆիլիպինների նախագահը երկրի բնակչությանը կոչ է արել խնայել խմելու ջուրը

Ֆիլիպինների նախագահը ավելացրել է, որ ամբողջ երկրում ստեղծվել է անձրեւաջրերի կուտակման ավելի քան 6 հազար համակարգ։

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-կրտսերը երկրի բնակչությանը կոչ է արել խնայել խմելու ջուրը երաշտի սպառնալիքի պատճառով, որը կարող է առաջ բերել Էլ Նինյո բնական երեւույթը։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը ժողովրդին հղած իր ուղերձում, որը հեռարձակել է GMA News հեռուստաալիքը։

«Մենք պատրաստվում ենք Էլ Նինյոյին, որը կարող է սկսվել առաջիկա ամիսներին։ Մենք սկսել ենք պատրաստվել, ստեղծում ենք ջրի բուֆերային պաշարներ եւ ստուգում ենք ոռոգման սարքավորումները։ Եթե անհրաժեշտ լինի, մենք ամպեր կկուտակենք, որպեսզի անձրեւ առաջացնենք։ Այս ամենից զատ՝ մենք նաեւ մեր ժողովրդին կոչ ենք անում խնայել ջուրը երաշտի սպառնալիքին ընդառաջ»,- ասել է նա։

Ֆիլիպինների նախագահը ավելացրել է, որ ամբողջ երկրում ստեղծվել է անձրեւաջրերի կուտակման ավելի քան 6 հազար համակարգ։ Կառավարությունը հատկացրել է 270 մլն դոլար ջրամատակարարման նախագծերի իրականացման համար։

Էլ Նինյոն տեղի է ունենում 2-7 տարվա ընթացքում միջինը մեկ անգամ եւ սովորաբար տեւում է 9-12 ամիս։ Այդ բնական երեւույթը կապված է օվկիանոսի մակերեւույթի ջերմաստիճանի բարձրացման հետ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական եւ արեւելյան մերձարեւադարձային մասում եւ կարող է առաջ բերել լուրջ երաշտ։ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Էլ Նինյոն 90 տոկոս հավանականությամբ կձեւավորվի տարվա երկրորդ կեսին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print