Ռուս խաղաղապահ առաքելությունը դրված է կասկածի տակ

Փաշինյանը նշեց, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը մեծ խնդիր է Ռուսաստանի համար՝ առաջին հերթին իր առաքելության վստահելիության եւ իրագործելիության առումով:

Հայաստանը պատրաստ է աջակցել ԼՂ իշխանություններին՝ ճգնաժամը հաղթահարելու հարցում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աղետի գոտի կարելի է հայտարարել, բայց ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում, հենց իշխանություն լինելու բերումով ունեն անելիք եւ մենք պատրաստ ենք աջակցել դա անելու ուղղությամբ: Այո, մենք ակնկալում ենք, որ այդ երկրները ինչ-որ խնդիրներ կլուծեն ԼՂ-ում, բայց այդ երկրներն իրենք իրենց ունեցած խնդիրը չեն կարողանում լուծել»,-ասաց նա:

ՀՀ վարչապետի խոսքով՝ մենք պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ ամբողջ աշխարհը քնում-արթնանում է ու մտածում՝ բա Ղարաբաղի կամ Հայաստանի հարցը ոնց լուծենք: 

«Դա մեր խնդիրն է եւ մենք պետք է գտնենք լուծման ձեւերը: Դա չի նշանակում, որ օրինակ, ՌԴ-ին պետք չի այդ լուծումը: ՌԴ-ում կան խնդիրներ, դրան գումարած, սա խնդիր է Ռուսաստանի համար։ Եվ ռեպուտացիոն խնդիր է, եւ քաղաքական, եւ աշխարհաքաղաքական, որ ՌԴ խաղաղապահ առաքելությունը ԼՂ-ում է եւ մեծ հաշվով այդ առաքելությունը դրված է կասկածի տակ: Որովհետեւ երբ ասում ենք հումանիտար ճգնաժամ, երբ ասում ենք մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա, դա մեծ խնդիր է Ռուսաստանի համար, առաջին հերթին իր առաքելության վստահելիության եւ իրագործելիության առումով: Նույն կերպ Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը եւս խնդիր է»,-հայտարարեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ ինքը Արցախի նախագահի հետ գործնականում ամենօրյա շփումների մեջ է:

Հիշեցնենք՝ այսօր Արայիկ Հարությունյանն ասել էր, որ Հայաստանից պահանջում են, որ զերծ մնա Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ հայտարարությունից ու գործողությունից՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print