Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ մեղադրանքը վերաբերվում էր 2022թ. մայիսի 30-ին ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած դեպքերին։

Դադարեցվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Տեղեկությունը հայտնում է Խաչատրյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնություն գործադրելը)։ Մեղադրանքը վերաբերվում էր 2022թ. մայիսի 30-ին ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած դեպքերին։

«Այսպիսով, արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը, այդ թվում` 2 ամսով կալանավորումը, ուներ միմիայն և բացառապես քաղաքական ենթատեքստ։ Առավել քան վստահ եմ, որ այս հետապնդման նախաձեռնողները, նախագծողները, կատարողները և շահառուները վաղ թե ուշ դատվելու են»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք` Տիգրան Խաչատրյանին ձերբակալել էին մայիսի 30-ին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հիմքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Հուլիսի 30-ին նա ազատ էր արձակվել

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print