Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ժամ առ ժամ ավելի է լրջանում․ Միրզոյան

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ, ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։ 

Իր բացման խոսքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ «աշխատելու ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների կատարման ուղղությամբ, այն է՝ Ղարաբաղի հարցի կարգավորման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և եռակողմ հայտարարությունների ամբողջական հարգման ու կատարման համար։ Ռուսաստանը հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցում»։ 

Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է. որ «անկեղծորեն պետք է ասենք, որ բանակցությունների արդյունքները զիջում են բանակցային գործընթացի բուն դինամիկային։ Բայց երևի սխալ կլիներ ասել, որ դրական արդյունքներ չկան։ Այսօր կարծում եմ մտքերի փոխանակում կանենք և հայկական կողմի հետ կքննարկենք խաղաղության պայմանագրի մնացած հոդվածները»։ 

Ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ժամ առ ժամ ավելի է լրջանում։ Ո’չ մթերք, ո’չ դեղորայք։ Եթե մեզ չհաջողվի լուծում գտնել, և Ադրբեջանը չդադարեցնի շրջափակումը, հումանիտար աղետը բացասական հետևանքներ կունենա նաև բանակցային գործընթացի վրա։ Որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ, իսկ որոշ հարցերում՝ համաձայնության հասնելու հեռանկարներ։ Բայց կան խնդիրներ, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print