Արցախի նախագահը պատասխանել է առաջատար ԶԼՄ-ների հարցերին

Հրատապ առցանց ասուլիս՝ 35 երկրների շուրջ 100 լրագրողների (այդ թվում սփյուռքահայ) համար։ Երեկ երեկոյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Արցախի նախագահի լրատվական ծառայությունը տեսանյութ է հրապարակել՝ որտեղ ներկայացված է Հարությունյանի  նախնական խոսքը՝ մինչ հարցերին պատասխանելը։

«Արցախի շրջափակման միջոցով Ադրբեջանը հետապնդում է մի շարք՝ երկարաժամկետ, միջնաժամկետ ու կարճաժամկետ նպատակներր։ Կարճաժամկետ նպատակներից է ձերբազատվել Արցախի ժողովրդից՝  իրականացնելով Արցախի ամբողջական էթնիկ զտում: Այս կերպ նա ուզում է ուժի միջոցով փակել հակամարտության էջը:

Միջնաժամկետ նպատակը Արցախի ժողովրդի բռնի կերպով հպատակեցումն է, Արցախի Հանրապետության, դիմադրողականության համակարգերի կազմաքանդումը: Ադրբեջանի նպատակն է՝ Արցախի բնակչությանը մղել արտագաղթի, փլուզել Արցախի տնտեսությունը, ձեռք բերել լրացուցիչ ճնշման միջոց Հայաստանի վրա, մասնավորապես, Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով արտատարածքային ճանապարհ ձեռք բերելու նպատակով: Կարճաժամկետ նպատակների մեջ է մտնում Արցախի ժողովրդին հոգեբանական ահաբեկչության ենթարկելը, Արցախի մուտքի և ելքի հանդեպ մշտական վերահսկողություն սահմանելը, Արցախում ապրելու համար անտանելի պայմանների ստեղծումը, հայկական կողմերի կարմիր գծերը փորձարկելն ու հատելը, անվտանգության և կայունության միջազգային և տարածաշրջանային երաշխիքների հեղինակազրկումը։

Սննդի մեծ սղություն կա, քանի որ շրջափակումից առաջ Արցախում օգտագործվող սննդի մոտ 90%-ը ներկրվում էր Հայաստանից: 40 օր է ոչ մի կիլոգրամ սնունդ չի մտել Արցախ, իսկ տեղական սահմանափակ արտադրանքը և դրա մատակարարումը մեծապես տուժել են վառելիքի ու այլ անհրաժեշտ նյութերի բացակայությունից։

Առողջապահական համակարգում տարբեր դեղատեսակներ սպառվել են, մնացած մասը՝ հասնում են ծայրահեղ սահմանաչափի՝ ռիսկի տակ դնելով մարդկանց կյանքն ու առողջությունը, կրկնապատկվել են չծնված ու նորածին երեխաների մահվան ու բարդություններով ծնվելու  դեպքերը, հղիների շրջանում սակավարյունությունը հասել է 90%-ի։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ Արցախի Հանրապետությունը միշտ բաց է եղել Ադրբեջանի հետ բանակցությունների համար՝ հասնելու հակամարտության հավասարակշռված, արդար և արժանապատիվ կարգավորման: Ելնում ենք այն բանից, որ բանակցությունները պետք է անցկացվեն համապատասխան մանդատով օժտված, համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում: Դա թույլ կտա ապահովել միջազգային հանրության գործուն մասնակցությունը բանակցային գործընթացին և դրա լեգիտիմությունը։

Ծայրաստիճան կարևոր է, որ կողմերը զերծ մնան միակողմանի պարտադրանքի միջոցների կիրառումից, ներառյալ՝ քաղաքական, ռազմական և ցանկացած այլ ճնշման միջոցները: Բանակցությունների նպատակը պետք է լինի ոչ թե վերջնագրերի օրինականացումը կամ պարտադրումը, այլ համագործակցության մթնոլորտի ձևավորումը ։

Իսկ հատկապես Հայաստանից էլ պահանջում ենք զերծ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ հայտարարությունից ու գործողությունից՝ հարգելով Արցախի ժողովդրի ինքնորոշման իրավունքը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print