Ակնկալում ենք հատուկ շեշտադրում կատարել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ լուծումներ գտնելու վրա։
<<Մենք երախտապարտ ենք ձեզ, որ ընդունեցիք Մոսկվա գալու մեր հրավերը՝ կազմակերպելու Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ արտգործնախարարների հաջորդ եռակողմ հանդիպումը>>,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ընթացքում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Հիմա մենք լավ հնարավորություն ունենք երկկողմ շփումներ ունենալու, մտքեր փոխանակելու ինչպես ռուս-հայկական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ։ Իհարկե, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ Մենք ցանկանում ենք օգնել լուծել այնտեղ ծագած սուր հումանիտար խնդիրները։ Դրա համար կան ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հնարավորությունները, բայց առանց կողմերի համագործակցության դա հեշտ չէ անել»,- նշել է Լավրովը։
Լավրովի խոսքով՝ պատրաստ են նպաստել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ շրջանակի իրականացմանը, որոնք ձեռք են բերվել վերջին տարիներին։
«Կարևոր ենք համարում առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիներով՝ ներառյալ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատման հարցերը և հասարակական կառույցների և փորձագետների միջև երկխոսության հաստատումը։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել։ Ակնկալում ենք հատուկ շեշտադրում կատարել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ լուծումներ գտնելու վրա։ Մենք ունենք մի շարք նկատառումներ, որոնք, հուսով եմ, օգտակար կլինեն»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
–