Արցախի պետնախարարը Հայաստանից հերքում է պահանջում

Գուրգեն Ներսիսյանի խոսքով՝ Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանի կողմից առաջարկված քննարկման առարկայի հետ։

Անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»: Նման հայտարարություն է տարածել Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն Ֆեյսբուքում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարել և հայտարարում են, որ անհրաժեշտ է Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն՝ միջազգային մեխանիզմի շրջանակում:

Պետնախարարի խոսքով՝ Արցախի ժողովուրդը ևս հասկանում է, որ երկխոսությունն անհրաժեշտ է՝ խոսելու, քննարկելու իրենց իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը ներկայացնելու և պաշտպանելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն նպաստելու համար:

«Բայց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի երեկվա հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ կողմից արդեն որոշվել է այդ երկխոսության ընթացքում քննարկման ենթակա հարցերի շրջանակը, կամ ՀՀ-ն համաձայնվել է Ադրբեջանի կողմից առաջարկված քննարկման առարկայի հետ: Հիմա կամ ՀՀ կողմից պետք է հերքվի այդ հանգամանքը, կամ պետք է արձանագրենք, որ անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը», — գրել է Ներսիսյանը՝ շեշտելով՝ սա շատ կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդը, այդ թվում՝ արցախահայությունը, հասկանան իրենց հետագա անելիքները:

Գուրգեն ներսիսյանը նշել է նաև, որ անտանելի է դառնում նաև Ռուսաստանի Դաշնության՝ անընդհատ պատճառաբանություններ բերելու և ստեղծված աղետալի իրավիճակին այդպես էլ առարկայական լուծում չտալու մոտեցումը:

«Հետաքրքիր է, թե ինչու ոչինչ չեն խոսում ամեն գնով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության և դրանից հետո հզորանալու ու հաղթանակներ արձանագրելու թեզի գաղափարակիրները»,-գրել է պետնախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print