Փաշինյանը սպասում է խաղաղապահների և Բաքվի դրական արձագանքին

Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները։

Երեկ 19 բեռնատար ավտոմեքենաներով 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ: Հումանիտար օգնությունը երեկ հասել է Սյունիքի մարզի Կոռնիձորի հատված՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 27-ի նիստի մեկնարկին հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ խնդրել են՝ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ Լաչինի միջանցքի՝ շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված:

«Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Այս գործելակերպը անհասկանալի է և անընդունելի: Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու՝ Ադրբեջանի պատճառաբանությունն այն էր, թե, իբր, Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով: Սա, իհարկե, անհեթեթ պնդում է, բայց այդ պնդումն օգտագործվում էր որպես պատրվակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար»,- ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը նաև նշեց, որ Երևանից շարժվելուց առաջ՝ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները հրավիրվել և ծանոթացել են Շահումյանի հրապարակում կայանված այդ բեռնատարների՝ պարունակությանը:

«Ինչո՞ւ, ուրեմն, Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, մի՞թե ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն է, ցեղասպանության ենթարկելը»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ, անկախ գնահատականներից, հայկական կողմը սպասում է ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի և պաշտոնական Բաքվի դրական արձագանքին:  

«Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները, Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասող հումանիտար բեռների մուտքը ԼՂ, ընդհակառակը՝ կնպաստի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print