Բորելը հայտարարել էր, որ Աղդամը չպետք է դիտարկել Լաչինի միջանցքի բացման այլընտրանք։
Բաքուն բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, Հայաստանի հետ խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին, սակայն Բորելի հայտարարությունն ափսոսանք է առաջացնում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը։
Բորելը իր հայտարարության մեջ նշել էր, որ ի գիտություն են ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը` մթերքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով: Սակայն դա պետք չէ դիտարկել իբրև Լաչինի միջանցքի բացման այլընտրանք:
«Բաքուն բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, Հայաստանի հետ խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին: Այնուամենայնիվ, ափսոսանք է առաջացնում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հուլիսի 26-ի հայտարարության մեջ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մոտեցումը, որը հիմնված է հայկական կողմի «կեղծ քարոզչության և քաղաքական շահարկումների» (չակերտները՝ Tert.am) վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։