ԼՂ հայերի իրավունքների ապահովման խնդիրը որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է. Արարատ Միրզոյան

Մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման խնդիրը մշտապես եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկյունաքարը, և հուլիսի 25-ին Մոսկվայում ու մինչ այդ այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը բարձրացրել է և շարունակում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը։

Արձագանքելով լրատվամիջոցի դիտարկմանն այն մասին, թե Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքից հասկացվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեման բանակցությունների ընթացքում կապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այն, ըստ էության, արձանագրված է նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ առանձնահատուկ կերպով նշված են թե՛ Լեռնային Ղարաբաղ, թե՛ Լեռնային Ղարաբաղի տարածք, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծ հասկացությունները: Նույն եռակողմ հայտարարության յոթերորդ կետը սահմանում է նաև փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը մինչ օրս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին:

Իհարկե, հայկական կողմն արձանագրում է նաև դեռևս 1988-1991 թթ. Ադրբեջանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես` Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ վայրերից, մինչ այդ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի իրավունքները, նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրները։

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է։ Այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների» միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ։ Ըստ այդմ` մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել»,- նշել է Միրզոյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print