Փոխարտգործնախարարի խոսքով՝ դիվանագետները Կոռնիձորում են՝ տեսնելու, որ հումանիտար բեռը դեռ կանգնած է
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները Սյունիքում են ՀՀ արտգործնախարարության և կառավարության հրավերով։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Նրանք այստեղ են՝ տեսնելու,որ հումանիտար բեռը, որ նախատեսված է Արցախի հայրենակիցների համար, կանգնած է։ Եվ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումների շարունակում է կանգնած մնալ և Ադրբեջանն արգելափակում է Լաչինի միջանցքով բեռների անխափան մուտքը Լեռնային Ղարաբաղ», – ասաց Վահան Կոստանյանը։
Վերջինիս տեղեկացմամբ, սակայն, այս պահի դրությամբ որևէ դրական զարգացում չկա
«Մենք շարունակելու ենք աշխատանք տանել, որպեսզի ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի պարտավորությունները, որոնք միջազգայնորեն ստանձնել է։ Այս ուղղությամբ շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումն Ադրբեջանի իշխանությունների վրա։ Այս օրերին տարբեր գործընկերների կողմից եղել են, բայց կարծում ենք, որ դա բավարար չէ։ Անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը միասնական ճակատով հանդես գա և ոչ միայն ազդակներ ուղղի Ադրբեջանին, այլ՝ քայլեր ձեռնարկի»,- նշել է փոխարտգործնախարարը։