Զորակոչիկին հիվանդության հիմքով ոչ պիտանի ճանաչելու համար ՊՆ պաշտոնյան կաշառք է պահանջել

Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու առերևույթ հանցանքի մասին վկայող փաստեր: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ Ա. Գ.-ն 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորահավաքային վարչության պետ Ս. Ա.-ի հետ: Վերջինս էլ, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Ա. Գ.-ի որդու օգտին վերը նշված ապօրինի գործողությունն իրականացնելու համար Ա. Գ.-ից պահանջել և 2023 թվականի ապրիլի 14-ին նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիոն ՀՀ դրամ կաշառք:       

Կաշառք ստացած ՊՆ պաշտոնյան և վերջինիս կաշառք տված Ա.Գ.-ն 27.07.2023 թվականին ձերբակալվել են: Նույն օրը Ս. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա. Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ՊՆ պաշտոնատար անձի՝ Ս. Ա.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է: Ա. Գ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 8 միլիոն ՀՀ դրամ գրավը:

Նախաքննությունը շարունակվում է»,- այս մասին նշված  է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print