Սմբատյանների գործով անցնող գործարարը կալանավորվեց

Գործարարը մեղադրվում է Սերգեյ և Արմեն Սմբատյանների հետ ՀՀ կառավարությանը 800 մլն դրամ արժողության կեղծ ներդրումային ծրագիր ներկայացնելու համար:

2 ամսով կալանավորվել է նախկին դեսպան Արմեն Սմբատյանի ու որդու՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գործով անցնող գործարար Ա․Պ-ն։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ կալանավորվել էին Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Դատախազության փոխանցմամբ՝ գործարարը մեղադրվում է Սերգեյ և Արմեն Սմբատյանների հետ 2012 թ. ՀՀ կառավարությանը 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր ներկայացնելու համար:

Նշենք, որ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ նրա որդուն` դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print