Ըստ նրա՝ վաղը կամ մյուս օրը Արևմուտքի ներկայացուցիչները կժամանեն Երևան, և որոշ քննարկումներ կլինեն։
ԱՄՆ-ի և Եվրոպայի միջնորդությամբ ֆորմատը փոխվեց, և վաղը Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն երեկ չէ առաջին օրը Ադրբեջանը հրաժարվել է հանդիպումից՝ առանց պատճառաբանության։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում լայվի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։
«Օգոստոսի 1–ին պետք է տեղի ունենար հանդիպում Սոֆիայում (Բուլղարիա)՝ Արցախի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների միջև։ Հետո Ռուսաստանը, այդ ամենը իմանալով ու խաղի մեջ մտնելով, փորձեց առաջ անցնել։ Հուլիսի 25–ին հանդիպում է կազմակերպել Լավրովը, որտեղ նա մեզ կոչեց «ազգային փոքրամասնություն», որն անընդունելի էր»,- ասել է Տիգրան Պետրոսյանը։
Ըստ նրա՝ վաղը կամ մյուս օրը դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան, և որոշ քննարկումներ կլինեն։ Հետագայում կներկայացվի, թե ինչ քննարկումներ են տեղի ունեցել Արևմուտքի հետ, և ինչ առաջարկներ են ներկայացվել․
«Մոսկվան այս պահին առաջարկում է գնալ Եվլախ՝ հանդիպման։ Այսինքն, Մոսկվայում չի կազմակերպվում: Նամանավանդ, որ ազատագրական պայքարին մասնակցած մարդկանց սկսել են հատ-հատ առևանգել․ Վագիֆ Խաչատրյանի օրինակը տեսանք»,- ասել է հակաճգնաժամային խորհրդի նախագահը՝ համարելով դա Մոսկվայի կողմից ծաղր իրենց նկատմամբ։
«Քանի որ ԱՄՆ-ից և Եվրոպայից կան մեզ ուղղված կոնկրետ առաջարկներ, մենք սպասում ենք, որ այդ առաջարկներն էլ ի մի բերենք»,- ընդգծել է նա։