Ալեն Սիմոնյանը Լաչինի միջանցքի վերաբերյալ դիմել է միջազգային գործընկերներին

ՀՀ ԱԺ նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը 360 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի 19 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունը Լաչինի միջանցքով անցնի Ստեփանակերտ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային խորհրդարանական հեղինակավոր կառույցների ղեկավարներին, միջազգային գործընկերներին եւ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներին` ուշադրություն հրավիրելով 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած ծանր իրադրությանը: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

«Պաշտոնական գրության մեջ մանրամասներ են ներկայացվում Լեռնային Ղարաբաղում շրջափակման հետեւանքով բնաջնջման իրական վտանգի առջեւ հայտնված 120.000 հայ բնակչության վիճակից: Նամակում շեշտվում է, որ շրջափակմանը զուգահեռ միտումնավոր խափանվել է բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, իսկ հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ արգելել է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ, ամբողջությամբ դադարեցվել է մինչեւ իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը: Անդրադառնալով առաջին անհրաժեշտության ապրանքներին` նշվել է, որ հացահատիկի ունեցած պաշարն արագ սպառվում է, իսկ վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հաց թխել առնվազն արտադրական ծավալներով եւ հասցնել խանութներ:

ՀՀ ԱԺ նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը 360 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի 19 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունը Լաչինի միջանցքով անցնի Ստեփանակերտ:

Նամակում նկարագրվում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման անտեսումն Ադրբեջանի կողմից, որով պարտավորեցվել էր Ադրբեջանին անմիջապես կասեցնել հսկիչ անցագրային կետի գործունեությունը, քանի որ այն անհերքելիորեն խոչընդոտում է ԼՂ-ում բնակվող հայերի` 1965 թվականի «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իրավունքները: «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի, ոչ մի հայ չի կարող գոյատեւել Լեռնային Ղարաբաղում: Մենք մեծապես կարեւորում ենք գործընկեր խորհրդարանների եւ միջազգային կազմակերպությունների կողմից արված հասցեական եւ օբյեկտիվ գնահատականներն ու ջանքերը` ուղղված խաղաղության օրակարգին եւ մեր տարածաշրջանի կայունությանը»,- ասված է նամակում:

ՀՀ ԱԺ նախագահը քայլերի հաջորդականություն է նշում, որոնց իրականացման արդյունքում հնարավոր կլինի փոխել իրավիճակը: «Ցանկալի նպատակներին կարելի է հասնել հետեւյալ քայլերի միջոցով, որոնց առնչությամբ ակնկալում ենք նաեւ Ձեր գործուն աջակցությունը.

* Միջազգային մեխանիզմների ներդրում. միջազգային կազմակերպությունները պետք է գործեն արագ իրենց լիազորված իրավասությունների եւ գոյություն ունեցող գործիքների շրջանակներում, որոնք նախատեսված են նման իրավիճակների լուծման համար: Մարդասիրական միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, ՄԱԿ-ի գործակալությունները, պետք է մոնիտորինգային առաքելություններ իրականացնեն դեպի միջանցք եւ տարածաշրջան` ի հեճուկս խոչընդոտների:

* Չափազանց կարեւոր է արձանագրել, որ մեր դիրքորոշմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցը պետք է հասցեագրվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում: Բայց, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ուժերի անհամաչափելիությունը, մենք կարծում ենք, որ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակներում, ուր ներկա կլինի միջազգային հանրությունը: Ցավոք, Հայաստանի շահագրգռվածությունը գործընթացում Ադրբեջանն ընկալում եւ մեկնաբանում է որպես ոտնձգություն կամ նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

* Եթե Բաքուն խելամիտ ժամկետում չկատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումը, ակնկալում ենք, որ Ձեր ղեկավարած խորհրդարանական մարմինը կդիմի Եվրոպական հանձնաժողով (երկրի կառավարություն)` Ադրբեջանի դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու հորդորով: Սրանք դյուրին լուծումներ չեն ու պահանջում են բարդ որոշումներ եւ վճռականություն, բայց դրանք կենսունակ են 120.000 խաղաղ բնակչության շարունակվող էթնիկ զտումները կասեցնելու համար:

*Այս օրերին ծայրահեղ անհրաժեշտ ենք համարում բացել Լաչինի միջանցքը, որպեսզի մարդասիրական օգնության բեռով ավտոշարասյունը հասնի Լեռնային Ղարաբաղ: Ակնկալում ենք Ձեր գործուն քայլերն այդ ուղղությամբ»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը»,-նշված է հաղորդագրությունից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print