Առողջապահական ոլորտում գովազդի թույլտվության նոր պետտուրք կսահմանվի. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ ներկայում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտերի ուսումնասիրության համար պետական տուրք սահմանված չէ: Միևնույն ժամանակ ընդգծում է, որ գովազդի թույլտվություն ստանալու համար ներկայացվող հայտերով հայցվող դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի նյութերը բազմազան են, դրանց ուսումնասիրությունը աշխատատար և ժամանակատար է, գովազդի հայտի ուսումնասիրության ընթացքում ներգրավվում են շահագրգիռ ստորաբաժանումները, առկա է դիմելիության մեծ քանակ և աճի միտում:

Նախարարությունն, ամփոփելով դիմումների քանակը և ընդգծելով, որ երբեմն բավարարվել են նույն թույլտվությունը ստանալու համար 3-ից 4 անգամ ներկայացված հայտերը, կարծում է, որ գործընթացի անվճար լինելու հանգամանքը հայտատուների կողմից օգտագործվում է որպես սեփական ժամանակն ու ռեսուրսները խնայելու միջոց, առանց օրենսդրական դաշտը ուսումնասիրելու լիազոր մարմին են ներկայացվում մերժման ենթակա հայտեր: Եվ միայն «լիազոր մարմնի ծախսած ռեսուրսների և ջանքերի միջոցով» 3-րդ կամ 4-րդ անգամ ներկայացվելուց հետո դրանք հասնում են բավարարման ենթակա հայտերի մակարդակի:

Սա հաշվի առնելով՝ գերատեսչությունը հանրային քննարկման է ներկայացրել «Գովազդի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրենսդրական նախագծով առաջարկվող իրավակարգավորումները պայմանավորված են դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն տրամադրող լիազոր մարմնի՝ առողջապահության նախարարության աշխատանքային ռեսուրսների և աշխատաժամանակի առավել նպատակային և արդյունավետ օգտագործմամբ:

Նախարարության կարծիքով, գովազդի թույլտվություն ստանալու մասին հայտի ուսումնասիրության համար պետտուրքի սահմանումը կհանգեցնի հայտ ներկայացնողների կողմից մի շարք գործողությունների իրականացմանը՝ համապատասխան մասնագետների ներգրավում, իրավական դաշտի ուսումնասիրություն, առավել պատշաճ և պատասխանատու մոտեցում գործընթացին: Արդյունքում լիազոր մարմին կներկայացվեն առավել հղկված և քիչ թերություններ պարունակող, ավելի քիչ թվաքանակով, հետևաբար ուսումնասիրության համար առավել քիչ ռեսուրսներ պահանջող հայտեր, ուստի միավոր ժամանակում լիազոր մարմնի կատարած ավելի փոքր՝ նոմինալ քանակի աշխատանքը կբարձրացնի դրա կատարման որակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print