Ավտոներկրող ընկերություններից պետբյուջե է վերականգնվել 3 մլրդ 491 մլն դրամ

Ներկայումս գործուն քայլեր են կատարվում՝ վնասի մնացյալ մասը վերականգնելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ  Տ.Հ.-ն,  հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ և փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակելու առանձնապես խոշոր չափերի գումարներ, համաձայնության է եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձանց հետ, իր ընկրության անվամբ վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրելու և ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ, պայմանով որ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի հիսուն տոկոս գումարը մնալու է իրեն` որն էլ եղել է նրա օգուտը, իսկ մյուս հիսուն տոկոսը տրվելու է ֆիզիկական անձանց:

Համաձայնության շրջանակներում ֆիզիկական անձանց տրված լիազորագրերի հիման վրա 2020-2023 թվականների ընթացքում ֆիզիկական անձանց կողմից ներգրավված ֆինանսական միջոցներով տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել է շուրջ 8.447 տրանսպորտային միջոց, որոնց մի մասն արտահանվել է ԵԱՏՄ անդամ երկրներ,  և դրանց վերաբերյալ առուվաճառքի պայմանագրերում փաստացի խեղաթյուրվել են գործարքի իրական շահառուի, վաճառքի իրական գների տվյալները։ Ձեռք բերման գնից պակաս ցույց տալու արդյունքում հիշյալ ընկերությունների կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում արհեստականորեն առաջացել են 5մլրդ. 700մլն. ՀՀ դրամի չափով հարկային վնասներ, իսկ ԱԱՀ-ի հաշվետվություններում, խարդախությամբ հափշտակելու նպատակով, ձևավորել են վերադարձման ենթակա 3մլրդ. 868մլն. դրամի չափով  ԱԱՀ-ի դեբետային գումարներ։ Դրանք հափշտակելու նպատակով ՀՀ ՊԵԿ-ին 02.04.2021-16.11.2022թթ. ընթացքում ներկայացվել են պարզեցված ընթացակարգով` յուրաքանչյուր դեպքում մինչև 40մլն. ՀՀ դրամի սահմաններում, դեբետագրված ԱԱՀ-ի գումարները վերադարձնելու՝ թվով 12 դիմումներ, որոնց հիմքով 12.04.2021-17.11.2022թթ. ընթացքում ընկերությունների բանկային հաշվին փոխանցման արդյունքում խարդախությամբ հափշտակվել է միայն առանձնապես խոշոր չափերի` 406.596.400 ՀՀ դրամը:

Նման պայմաններում թե´ հիշյալ ընկերություների շահութահարկի հաշվետվություններում, թե՛ ԱԱՀ-ի հաշվետվություններում արտացոլվել են ոչ արժանահավատ տվյալներ, քանի որ քննությամբ պարզվել է, որ ընկերությունները վերոգրյալ գործարքներն իրականացնելով իրականում ոչ թե իրականացրել են ձեռնարկատիրական գործունեություն, այլ նպատակ են ունեցել ձեռնարկատիրական գործունեության քողի ներքո պետությունից կատարելու հափշտակություն։ Ուստի՝ հարկային վերոգրյալ հաշվետվություներում նշված համապատասխան տվյալները չեն արտացոլում ընկերությունների իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները և թե´ ԱԱՀ-ի դեբետագրված գումարների, թե´ շահութահարկի հաշվետվությունում նշված հարկային վնասների առումով ենթակա են զրոյացման:

Վերոգրյալի հիման վրա 06.07.2023թ. քննիչի կողմից որոշումներ են կայացվել՝ «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերություններում հարկային ստուգումներ անցկացնելու վերաբերյալ։ Դրանց արդյունքով արհեստականորեն դեբետագրված ԱԱՀ-ի գծով պարտավորությունները և հարկային վնասներն ամբողջությամբ զրոյացվել են, ինչի արդյունքում կարող ենք արձանագրել, որ, ըստ էության, ՀՀ պետական բյուջե է վերականգնվել հանցավոր գործունեության արդյունքում արհեստականորեն դեբետագրված ԱԱՀ-ի 3 մլրդ. 491մլն.  դրամը:

«Հարկ է նշել, որ քննության ներկա փուլում հիշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող, քրեական վարույթով մեղադրյալ Տ.Հ.-ի կողմից խարդախությամբ հափշտակված 406.596.400 ՀՀ դրամից վերականգնվել է նաև 30մլն. ՀՀ դրամը և ներկայումս գործուն քայլեր են կատարվում՝ վնասի մնացյալ մասը վերականգնելու ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ հիշյալ ընկերությունների քողի ներքո փաստացի ձեռնարկատիրական գործունեություն են իրականացրել բազմաթիվ այլ անձիք, որոնք իրենց մասնաբաժինն են ստացել պետությունից խաբեությամբ հափշտակված գումարներից և որոնց վերաբերյալ տվյալներն առկա են վարույթն իրականացնղ մարմնում, կոչ ենք անում հիշյալ բոլոր անձանց դրսևորել օրինապաշտ վարքագիծ, կամովին ներկայանալ  քննությանը և ՀՀ պետական բյուջե վերադարձնել խարդախությամբ հափշտակված գումարներից իրենց հասած մասնաբաժինը:
Նախաքննությունը շարունակվում է»,-հայտնում է ՔԿ-ն։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print