Մեր 19 վարորդները բոլորը տեղում են, որևէ խնդիր չկա այս առումով։
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում անդրադարձավ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում շրջանառվող տեղեկությանը, թե իբր այսօր առևանգված ԼՂ քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանը կապ ունի հումանիտար բեռնափոխադրման հետ:
«Այս քայլը նպատակ ունի վարկաբեկելու այս` բացառապես հումանիտար նախաձեռնությունը, այս տեղեկատվությունը սադրիչ բնույթ ունի, քաղաքացին որևէ աղերս չունի հումանիտար բեռները տեղափոխելու և «Սպայկա» ընկերության հետ: Մեր 19 վարորդները բոլորը տեղում են, որևէ խնդիր չկա այս առումով»,- ասաց նա:
Հումանիտար բեռների տեղափոխման հետ կապված զարգացումներին անդրադառնալով` Սարգսյանը ափսոսանք հայտնեց, որ այս պահին փոփոխություններ չկան։
«Միևնույն ժամանակ նկատվում է միջազգային հանրության կողմից այս իրավիճակի հետ կապված մտահոգությունների և ուշադրության զգալի աճ, մասնավորապես` ԱՄՆ-ից, եվրոպական տարբեր կառույցներից, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից, Ֆրանսիայի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ականատես ենք լինում հայտարարությունների ու կոչերի. այս ուղերձներում հիմնականում շատ հստակ ու հասցեական մատնանշվում և կոչ է արվում Ադրբեջանին բացել արդեն գրեթե ութ ամիս փակ վիճակում գտնվող Լաչինի միջանցքը և չխոչընդոտել հումանիտար բեռների տեղափոխմանը»:
Վարդան Սարգսյանը տեղեկացրեց, որ ռուս խաղաղապահներից արձագանք դեռ չկա, տեղաշարժի հետ կապված` ունեն նույն իրավիճակը:
–