Պետք է ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը «խորապես մտահոգված է տեղեկություններով Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված շարունակական մարտահրավերների մասին»:
Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի փոխխոսնակ Ֆարհան Հաքի հայտարարության մեջ:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցնում է իր նախորդ հայտարարությունն այն մասին, որ կողմերի պետք է կատարեն Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ին կայացված եւ հուլիսի 6-ին վերահաստատված կարգադրությունները՝ կապված Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու հետ:
Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով եւ կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնելու մարդասիրական օգնության առաքումը կարիքավոր մարդկանց:
Նա կոչ է անում երկու կողմերին ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու նպատակով», – ասված է հայտարարության մեջ: