Կան բազմաթիվ հարցեր, որոնց մասին ծանրաբեռնվածության պատճառով հիմա չեմ կարող խոսել․ ԱՀ պետնախարար

Համոզված ենք, որ բոլոր միջազգային դերակատարները ի վերջո համոզվելու են այն ամենում, ինչ արդարացիորեն ներկայացնում է արցախցին:

<<Ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում օր օրի ավելացող խնդիրներն ու դրանց հետևանքները որոշակիորեն մեղմելու համար պետության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները: Առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար այլևս բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները>>, – հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․

Կանգնելով սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, մտահոգված լինելով մանկահասակ երեխաների, հիվանդների, տարեցների առողջությամբ, քաղաքացիները բավականին գերլարված ու նյարդային վիճակում են լինում, այդ ամենին գումարվում են նաև սոցիալական ցանցերի ամենատարբեր հարթակներում պետության հասցեին հնչող քննադատությունները, բոլոր խնդիրների լուծման «գիտակների» մեկնաբանություններն ու առաջարկությունները, միասնականության կոչերին զուգահեռ արվող պառակտման փորձերը, համաժողովրդական համառ ու դժվարին այս պաշտպանություն-դիմադրությունը նսեմացնող հայտարարությունները:
Բարեբախտաբար ժողովուրդը հասկանում է, որ հայրենիքի պահպանությունը և պաշտպանությունը թեև դժվար, բայց պատվաբեր գործ է, որի համար անհրաժեշտ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են համբերատարությունը, տոկունությունը, համառությունը, պատվախնդրությունը: Թեև զգացմունքայնությունը և ընկճվածությունը տարբեր իրավիճակներում ուղեկցում են մեզ, բայց դրանք երբեք չպետք է դառնան մեր քայլերի որոշիչը:   

Կան բազմաթիվ հարցեր, որոնց մասին ծանրաբեռնվածության պատճառով հիմա չեմ կարող խոսել, բայց դրանց անդրադառնալու հնարավորություն ու ժամանակ դեռ կունենամ, իսկ առայժմ ի հեճուկս բոլոր տեսակի խնդիրների, շարունակում ենք քայլել Արցախի և Արցախի ժողովրդի պահպանության ընտրված ճանապարհով:
Ի դեպ Արցախում ստեղծված իրավիճակին երեկ անդրադարձել էին ՄԱԿ գլխավոր քարտուղարն  ու Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնը 

Համոզված ենք, որ բոլոր միջազգային դերակատարները ի վերջո համոզվելու են այն ամենում, ինչ արդարացիորեն ներկայացնում է արցախցին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print