Նախօրեին Վրաստանի Օնիի մունիցիպալիտետում՝ Շովի հանգստավայրի տարածքում տեղի է ունեցել սողանք՝ «Սանսենտ շովի» հյուրանոցի մոտ։ Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետեւանքով վեց մարդ է զոհվել։ Նրանցից երկուսին փրկարարները հայտնաբերել են երեկ։
Օնիի մունիցիպալիտետում երկրորդ օրն է՝ շարունակաբար իրականացվում է որոնողափրկարարական գործողություն, որին ներգրավված են շուրջ 400 հրշեջ-փրկարարներներ և Վրաստանի ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։ Այսօր ժամը 06:00-ից փրկարարական աշխատանքներին ներգրավվել է սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ։
Ինչպես հայտնել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն, աղետի գոտում այս պահին հնարավոր չէ կապ հաստատել 35 մարդու հետ։