Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց դեսպանին հայ ժողովրդին մատուցած ծառայության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Եվրամիության ջանքերի համար։
Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց դեսպանին հայ ժողովրդին մատուցած ծառայության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Եվրամիության ջանքերի համար։ Նորին Սրբությունը, անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին, ծավալապաշտական նկրտումներին, ինչպես նաև վերջինիս կողմից ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի՝ Բերձորի միջանցքի արգելափակումը վերացնելու որոշման անտեսմանը և Կարմիր Խաչի հումանիտար առաքելության իրագործման խոչընդոտմանը, կարևոր նկատեց ԵՄ և միջազգային կառույցների կողմից առավել խիստ միջոցների գործադրումը՝ զսպելու Ադրբեջանի նմանօրինակ դատապարտելի գործողությունները։ Ըստ Վեհափառ Հայրապետի՝ այս իրողությունը ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում և պետք է հարգվի արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
Հայոց Հովվապետը ողջունեց նաև Եվրոպական Միության կողմից Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը:
Իր հերթին ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանում ծավալած իր գործունեությունը՝ մասնավոր անդրադարձ կատարելով անվտանգային, մարդասիրական, սոցիալական ու կրթական ոլորտներում պատվիրակության գործադրած ջանքերին։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությանը, քննարկեցին Արցախում ստեղծված հումանիտար աղետի և Հայաստանում ու Արցախում առկա անվտանգային խնդիրների հաղթահարման ուղիները:
–