Ինստագրամյան օգտահաշիվը ԼՂ բնակիչներից գումար է պահանջում

ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից հորդորում են քաղաքացիներին՝ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն։

Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն (ՏԿՀԴՊ ) իրազեկում է, որ ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, որի օգտատերը ներկայանում է որպես կին, և թե իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում ԼՂ բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում: Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում է նաև ԼՂ բնակիչների լուսանկարները:

Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ-ից զգուշացնում են, որ սա ևս կիբեռհանցագործության կամ համակարգչային հանցավորության տեսակ է, որը պահանջում է զգուշավորություն: Ուստի նմանատիպ և այլ վտանգներից զերծ մնալու համար, վարչությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն:

Կարևոր է օնլայն տիրույթում հասանելիություն չտալ անձնական տվյալներին, լուսանկարներին: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես դիմեք ոստիկանություն։

ՏԿՀԴՊ վարչության հետադարձ կապը` (047) 94-21-16։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print