🎥Ֆրանսիայից՝ Արցախին․ Կոռնիձորում կանգնած բեռնատարներին ևս մեկն է միացել

Սա ֆրանսիական մի շարք քաղաքների և ռեգիոնների նախաձեռնությունն է՝ ի համերաշխություն և հաջակցություն շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող ԼՂ ժողովրդին։

Կոռնիձորում կանգնած բեռնատարների մասով որևէ շարժ չկա: Այդ մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Քիչ առաջ հումանիտար բեռներ տեղափոխող մեր ավտոշարասյանը միացավ ևս մեկ բեռնատար: Սա ֆրանսիական մի շարք քաղաքների և ռեգիոնների նախաձեռնությունն է՝ ի համերաշխություն և հաջակցություն շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող ԼՂ ժողովրդին»,- ասաց նա՝ հավելելով, որ ավելի քան 20 տոննա հումանիտար բեռը ներառում է սնունդ և մակարոնեղեն, և որ այն ուղարկվել է Փարիզ քաղաքի մի շարք ռեգիոններից:

«Ողջունելի է, որ Հայաստանի մարդասիրական այս նախաձեռնությանն արձագանքում և միանում են ոչ միայն Հայաստանում մասնավոր ընկերությունների կողմից, այլև բարեկամ Ֆրանսիայի հիշյալ քաղաքների և ռեգիոնների կողմից: Սա վկայում է ևս մեկ անգամ, որ ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը ստանում է է՛լ ավելի լայն հնչեղություն, միջազգային հնչեղություն, և ապացուցում է, որ անհրաժեշտ են հրատապ քայլեր Լաչինի ապօրինաբար փակված միջանցքը բացելու և ԼՂ հումանիտար հասանելիություն ապահովելու համար»,- ասաց Վարդան Սարգսյանը:

Հարցին՝ երաշխիքներ կա՞ն, որ Կոռնիձորի սահմանային հատվածում գտնվող բեռները անցնեն ԼՂ, Վարդան Սարգսյանը պատասխանեց. «Մենք շարունակում ենք մեր քայլերը և քննարկումները հումանիտար ուղեբեռը ԼՂ տեղափոխելու նպատակին հասնելու համար: Ցավոք, այս պահին կարող եմ ասել, որ որևէ նորություն կամ արձագանք չկա այս մասով»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print