Անդրանիկ Թևանյանը վայր է դնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատն ու մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։ Այս մասին Թևանյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
«Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի։ Մանդատից հրաժարվելով՝ նաև շատ հստակ մեսիջ է հղվում հանրությանը, որ ավագանու մանդատի համար չէ պայքարը։ Մեր երկրի օրակարգն անվտանգությունն է, Հայաստանի ու Արցախի փրկությունը, իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մտնում ենք ընտրապայքար, որ փոխենք այս մղձավանջային իրականությունը։ Միացի՛ր, որ փոխենք»,- գրել է Թևանյանը։
Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտնել էր, որ «Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները: