Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին ակտիվորեն քննարկվում է ավագանու ընտրությունների քարոզարշավում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը, ինչպես նաև ՔՊ մեծամասնությունը հակված են, որ վարչապետն անձամբ մասնակցի քարոզարշավին, թիմակիցների հետ շրջի Երևանի փողոցներով և քաղաքացիներին կոչ անի քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին, մինչդեռ կուսակցությունում մի մասն էլ կարծում է, որ Փաշինյանի մասնակցությունը կարող է լրիվ հակառակ ազդեցություն ունենալ:
Օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ բոլոր պատգամավորները ակտիվորեն մասնակցելու են քարոզարշավին. հիմա բաժանումներ են անում, թե որ պատգամավորը որ վարչական շրջանում է քարոզարշավ անելու:
«Ժողովուրդը» դիմել է ՔՊ նախընտրական շտաբ՝ պարզելու՝ ովքեր են իրականացնելու քարոզարշավը, արդյոք Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցելու է դրան։
«Քարոզարշավի ֆորմատը նոր ենք որոշում, նոր ենք սկսել աշխատանքները, իսկ վարչապետի մասնակցությունը դեռ քննարկվում է»,- պատասխանել են շտաբից:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: