Վերարտադրողական առողջության ծրագրի համար կառավարությունը 500 մլն դրամ կտրամադրի

Հայաստանում անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին, որն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում։

Վերարտադրողական առողջության ծրագրի համար ՀՀ կառավարությունն առողջապահության նախարարությանը 500 մլն դրամ լրացուցիչ միջոցներ կտրամադրի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ղեկավար Անահիտ Ավանեսյանը։

Առողջապահության նախարարը նշեց, որ հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը` ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվում է և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 8 բնակավայրի փոխարեն արդեն 194 սահմանամերձ բնակավայրի բնակիչները հնարավորություն կունենան միանալ այս ծրագրին։

Հաջորդ վերանայումը վերաբերել է 44-օրյա պատերազմի հետևանքներին, արդյունքում ծրագրի շահառու են դարձել նաև պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ Նրանց համար գործարկվել է նաև փոխնակ մայրերի ծրագիրը։

«Հունվարին վերարտադրողական առողջության ծրագիրը վերափոխվել է։ Շահառու են դարձել մինչև 36 տարեկան 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանայք, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի 36-42 տարեկան կանայք, ովքեր ունեն 2-րդ բալիկ ունենալու դժվարություն։ 2023 թվականի 7 ամսվա ընթացքում սպասարկվել և բուժման տարբեր փուլերում է գտնվում 2876 շահառու։ Արձանագրվել է 301 հղիություն, ծնվել է 57 երեխա, որոնցից 9–ը` զոհված զինծառայողների ընտանիքներում։ Ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում գրեթե կրկնակի հղիություն է եղել, որքան 2022 թվականի ողջ ընթացքում»,– ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա ընդգծեց, որ ծրագրի հասանելիությունը մեծացնելու համար առողջապահության նախարարությունը մեծ աշխատանքներ է տանում և առաջիկայում մարզային քաղաքներում կբացվեն առաջին փուլը գործարկող կենտրոններ։ Ծրագիրը սկսվելու է Գյումրիից, այնուհետև այն կիրականացվի նաև Վանաձորում և Գորիսում։

Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ մինչև 36 տարեկան ցանկացած կին կարող է դառնալ ծրագրի շահառու և օգտվել վերարտադրողական բժշկությունից՝ անկախ ընտանեկան կարգավիճակից: Նա առաջարկեց հնարավորինս ընդլայնել ծրագիրը և վերացնել տարիքային բոլոր սահմանափակումները։

Հայաստանում անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին, որն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print