Ուսումնասիրության արդյունքում բռնագանձման ենթակա են ոչ միայն Արթուր Աֆրիկյանին պատկանող, այլև կնոջ ու դստեր անվամբ հաշվառված գույքերը:
Հայաստանի ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նախկին փոխնախարարը, կինը՝ Ալվարդ Մովսեսյանը, դուստրը՝ Դիանա Աֆրիկյանը, մինչև օգոստոսի 25-ը պետք է ներկայանան դատախազություն՝ գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար:
Ուսումնասիրության արդյունքում բռնագանձման ենթակա են ոչ միայն Արթուր Աֆրիկյանին պատկանող, այլև կնոջ ու դստեր անվամբ հաշվառված գույքերը:
«Հետք»-ը 2023թ. հուլիսի 12-ին հոդված էր հրապարակել՝ Արթուր Աֆրիկյանի ընտանիքին պատկանող Դուբայում գտնվող անշարժ գույքերի մասին: Մասնավորապես՝ Հայաստանի ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանը Դուբայում մինչեւ վերջերս 10-ից ավելի անշարժ գույք է ունեցել: Նախկինում այդ գույքը գրանցված է եղել նրա անունով, իսկ հետո սեփականատեր է դարձել կինը՝ Ալվարդ Մովսեսյանը: Նա էլ իր հերթին օտարել է գույքի մեծ մասը: Օտարված գույքի ներկա շուկայական ընդհանուր արժեքը մոտ 4 մլն դոլար է:
Անդրադարձել էինք նաև, որ 2014թ. մայիսին, երբ Արթուր Աֆրիկյանը դարձել է ֆինանսների փոխնախարար, այդ պահին ունեցած իր գույքն ու եկամուտները հայտարարագրելիս. որպես անշարժ գույք, նշել էր միայն 1 բնակարան ու 1 ավտոտնակ: Իսկ 2014թ. տարեկան հայտարարագրերում, որտեղ պետք է ներկայացվեր տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված ու օտարված գույքը, նախկին պաշտոնյան ոչ մի գործարք չէր նշել: Այսինքն՝ փաստացի թաքցրել է իր ունեցվածքը:
Արթուր Աֆրիկյանի կնոջ կողմից Դուբայում շուրջ մեկ տասնյակ բնակարան օտարելու մասին «Հետքի» հրապարակումն ուսումնասիրվել է Գլխավոր դատախազությունում, ապա ուղարկվել Քննչական կոմիտե, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Նշենք, որ այս փուլում Գլխավոր դատախազությունը չի հրապարակում բռնագանձման ենթակա անշարժ գույքերի ցանկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացատրությունների, ներկայացված ապացույցների հիման վրա հնարավոր է ցանկը փոփոխվի:
–