Մեզ համար տարօրինակ է Արցախի ներկայիս կացության պայմաններում Հայաստանի ժողովրդի լռությունը, ավելի ճիշտ՝ անտարբերությունը. Արամ Ա

Խորը մտահոգությամբ հետևում ենք Արցախում ներկայիս ճգնաժամային կացությանը:

Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն օգոստոսի 12-ին Լիբանանի հայկական Ս․ Աստվածածնի վանքի ուխտի օրվա առիթով մատուցված Պատարագի ընթացքում անդրադարձել է Արցախում ստեղծվածմարդասիրական ծանր իրավիճակին, ինչպես նաև ՀՀ իշխանությունների՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամությանը:

Համայն աշխարհին արդար խաղաղություն մաղթելով՝ Արամ Ա-ինն ընդգծել է, որ շրջափակման ենթարկված Արցախում մեր ազգի զավակները սովամահ լինելու ամիջական վտանգի ենթակա են:

«Խորը մտահոգությամբ հետևում ենք Արցախում ներկայիս ճգնաժամային կացությանը: Շրջափակման ենթարկված Արցախում մեր ազգի զավակները սովամահ լինելու ամիջական վտանգի են ենթակա», – ասել է Արամ Ա-ն՝ Արցախի հարցով հայրապետական պատգամն ուղղելով հինգ հասցեներով:

«Մեր առաջին պատգամն ուղղված է Հայաստանի իշխանությանը: Կանդրադառնանք արդյոք, թե Արցախի գծով Հայաստանի որդեգրած մոտեցումները Արցախը կարող են ջնջել հայ կյանքի քարտեզից և ցեղասպանության մատնել 120,000 հայորդիներ՝ միաժամանակ վտանգելով նաև Հայաստանի ապագան: Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հողային ամբողաջականությունը ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը:  Ինչպե՞ս կարելի է այսպես կոչված (տարածաշրջանում) «ամբողջական խաղաղության» հաստաստման ի խնդիր պատրաստ լինել հանձնառություններ կատարելու, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ամբողջականությունը և նույնիսկ գոյությունը», – ասել է Արամ Ա-ն:

Ըստ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի՝ Հայաստանն ու Արցախը շրջապատող ներկա վտանգավոր պայմաններում, երբ աշխարահաքաղաքական նոր զարգացումներ են տեղի ունենում, առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանը բարեկամության ու ենթակայության, իր և ուրիշների շահերի սահմանները հստակորեն զատորոշող դիրքորոշումներ որդեգրի և աչալուրջ լինի՝ Հայաստանը վերածելու Արևելքի և Արևմուտքի լարվածության հարթակի, որի հետևանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար: 

«2-րդ՝ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում հարկ է, որ Հայաստանը դուրս գա պարտված լինելու հոգեվիճակից և սոսկ զիջումներ կատարելու կացությունից: Ավելին՝ Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցություններն Ադրբեջանի հետ, մինչև որ վերջ կդրվի Արցախի շրջափակմանն Ադրբեջանի կողմից: Հարկ է շարունակ հիշեցնել բոլորին, որ, մարդասիրական աղետ ստեղծելով քաղաքական շահեր հետապնդելը, համամարդկային ոճիր է և հակառակ միջազգային օրենքին:

3-րդ՝ ճիշտ է՝ հարկ է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին: Անհրաժեշտ է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ՝ միշտ ելնելով պատմականորեն հաստատված և միջազգային ճանաչում ստացած Լեռնային Ղարաբաղի ինքավար կարգավիճակից: Այլ կերպ ասած՝ պետք է մերժել որևէ մոտեցում, որն Արցախը կներկայացնի Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժանելի մաս: Հետևաբար, կուզենք կարևորությամբ շեշտել, որ Արցախի շրջափակման վերջ տալը և Արցախի ինքնորոշման կարգավիճակը առավել շեշտավորմամբ միջազգային հարթակ բերելը պետք է դառնա Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականության կիզակետը՝ համահայկական հրամայականի լույսի ներքո:

Ներկայիս ճաակատագրական պայմաններում՝ որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս՝ մեր առաջարկն է, որ ստեղծվի իշխանության, ընդդիմության և Սփյուռքի ներկայացուցիչներից բաղկացած, քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառություն ունեցող մարմին՝ ունենալով համայն հայության աջակցությունը և վստահությունը, ամբողջական պատասխանատվություն ստանձնի մեր պատմության այս ճակատագրական հանգրվանում՝ բանակցություններ կվարելու Ադրբեջանի հետ՝ բնականաբար նոր ոճով և մոտեցմամբ»,-ասել է կաթողիկոսը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի երկրորդ պատգամն ուղղված է Հայաստանի ժողովրդին. «Մեզ համար տարօրինակ է Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում Հայաստանի ժողովրդի լռությունը, ավելի ճիշտ անտարբերությունը: Մեր եղբայրներն ու քույրերը, երեխաները սովամահ են լինում այնտեղ՝ Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում, փողո՛ց իջեք, ինչի՞ եք սպասում, աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից ու տեսակետներից: Ձեր ժամանակը մի՛ վատնեք ապառողջ քննադատությունների, փոխադարձ մեղադրանքների վրա՝ բացված ճեղքերն ավելի խորացնելով: Ոտքի՛ ելեք, արդարությո՛ւն պահանջեք աշխարհից: Հայաստանի մեջ կյանքը չի կարող բնական լինել, երբ Արցախում մեր ժողովրդի կյանքը ծայրահեղորոեն անբնական է: Մեր ազգի հավաքականությունն ու միասնականությունը ցո՛ւյց տվեք գործնապես»,- ասել է նա:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի երրորդ պատգամն ուղղված էր միջազգային հանրությանը: 

«Մեր սպասումն այն է, որ մեծ տերությունները դիմեն գործնական քայլերի, առաջին հերթին Ադրբեջանին ստիպելով, որ վերջ տա Արցախի շրջափակմանը, ապա քաղաքական բանակցությունների ճանապարհով միջազգային համայնքը ճանաչի Արցախի ինքնորոշումը՝ միջազգային հովանավորության ներքո»,-նշել է նա:

Արամ Ա-ն 4-րդ պատգամն ուղղել է Սփյուռքին՝ նշելով, որ թեև նրա աջակցությունն Արցախին միշտ մեծ է եղել, սակայն այժմ զորակցությունը պետք է ավելի լայն ծավալ ստանա:

«Արցախը կործանման  է գնում, Արցախին պետք չէ մենակ  թողնել, յուրաքանչյուր հայ և ողջ հայությունը նվիրական պարտավորություն ունի Արցախի նկատմամբ: Արցախի փրկություն համահայկական առաջնահերթություն է: Սփյուռքը, իր գործողությունները ներդաշնակելով Արցախի իշխանությունների հետ, կոչված է դիմելու այնպիսի ազդեցիկ միջոցների, որոնք կարող են Արցախի ներքին ուժականությունն ամրապնդել և արտաքին աշխարհում Արցախի ինքնորոշման անհետաձգելի հրամայականը շեշտել: Այս ուղղությամբ անհրաժեշտ է առաջին հերթին Սփյուռքի մարդուժն ու ներուժը համախմբել: Երկրորդ՝ աշխատանքային հստակ օրակարգ կարգ կազմել ու թիրախներ սահմանել: Երրոդ՝ տեղեկատվական լայնածավալ քարոզչություն կատարել արաբական, իսլամական, եվրոպական, ամերիկյան, միջեկեղեցական, միջկրոնական շրջանակներում՝ համապատասխան մոտեցումներով և շեշտավորումներով»,- նշել է Արամ Ա-ն:

 Հայրապետական վերջին պատգամն ուղղված է Արցախի ժողովրդին.«Սիրելի Արցախի հայությո՛ւն, Արցախը պարտված չէ, հաղթական է ու պիտի մնա հաղթական, այնքան ժամանակ, քանի դեռ ձեր կյանքը շաղախված է ամուր հավատքով, կլանված անխորտակելի կամքով և թրծված պայծառ ապագայի տեսլականով: Դուք մենակ չեք, Արցախի հայություն: Ողջ հայությունը ձեզ հետ է, յուրաքանչյուր հայ, ուր էլ որ գտնվի արցախցի է, բառի ամբողջական իմաստով»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print