Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը ավելացնելու համար ձեռնարկվում են և կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր։
Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Ճանապարհային անվտանգության խնդիրը գտնվում է Կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր: Շիրակի մարզի վթարին մասնակից երկու ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել են և՛ տեխզննում, և՛ ԱՊՊԱ պայմանագիր, վարորդները ունեցել են իրավազոր վարորդական իրավունքներ: Մնացած հարցերի պատասխանը կտա քննությունը: Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը ավելացնելու համար ձեռնարկվում են և կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որոնք կարող են առավել արդյունավետ լինել այդ թվում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առավել հետևողական ներդրման և վերահսկման միջոցով: Ցավակցում եմ բոլոր ավտովթարների բոլոր զոհերի բոլոր հարազատներին»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:
Հիշեցնենք, որ գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետեւանքով 11 մարդ զոհվել է, շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ էլ տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
–