Թուրքիան այն կարծիքին է, որ Լաչինի ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունները արդարացված չեն։
Թուրքիայի ԱԳՆ անդրադարձել է Լաչինի միջանցքի հիմնախնդրին ու հայտարարություն տարածել։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Թուրքիան ուշադրությամբ հետևում է Լաչինի ճանապարհի շուրջ տևական բանավեճերին և հասկանում է Ադրբեջանի օրինական մտահոգությունն այդ հարցում: Ցավոք սրտի, այս մտահոգությունները, որոնք Ադրբեջանը երկար ժամանակ բարձրաձայնում էր, հաշվի չառնվեցին, և արդյունքում Ադրբեջանը ձեռնարկեց այն միջոցները, որոնք նպատակահարմար է գտնում իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում։
Թուրքիան այն կարծիքին է, որ Լաչինի ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունները արդարացված չեն։ Այն փաստը, որ Լաչինի ճանապարհին ներկայումս ապահովված են բժշկական անցումներ, ինչպես նաև այլ երթուղիներ, որոնք հարմար են մեծածավալ նյութերի փոխադրման համար, ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը բարեխղճորեն ցուցաբերում է առավելագույն ջանքեր։
Հայաստանից մեր ակնկալիքն է՝ խուսափել սադրիչ քայլերից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, աջակցել Աղդամ-Խանքենդիի և այլ այլընտրանքային ուղիները՝ Ղարաբաղի հայ բնակչության կարիքները բավարարելու համար, ինչպես նաև աջակցել Ադրբեջանի հայ բնակչության վերինտեգրման ջանքերին։
Թուրքիան կարծում է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար պետք է աջակցել բարեկամ և եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և մարդասիրական ջանքերին ու խուսափել իրավիճակը սրող գործողություններից»։
–