🎦ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից առաջ Ադրբեջանը փորձել է «անցակետում» դեպքն օգտագործել հերթական բեմականացման նպատակով․ Արցախի պետնախարար

Տեսանյութերից ակնհայտորեն դիտվում է, թե ինչպես են ռուս խաղաղապահների տրանսպորտային միջոցները 14.08.2023թ. նրանց տեղակայման վայրից ճանապարհվում Լաչինի միջանցքի ուղղությամբ։

Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետով ՀՀ քաղաքացիների կողմից անարգել տեղաշարժի մասին Ադրբեջանի հայտարարությունն (14.08.2023) իրականությանը չի համապատասխանում։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Երբ Լաչինի միջանցքով հազիվ վերականգնվել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի միջոցով բուժառուներին ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու գործընթացը և ամեն երթ կազմակերպելու համար մի քանի օր տևող բանակցություններ են վարվում, որպեսզի ԿԽՄԿ տարբերանշանը կրող մեքենայից քաղաքացիական անձ չառևանգվի, Ադրբեջանը երեկ տեղեկություն է հրապարակել, թե իբր տեսեք՝ ինչպես են ՀՀ քաղաքացիները անարգել անցնում Հակարիի կամրջի վրա տեղադրված «անցակետով»: Զարմանալիորեն այդ պահին նույն վայրում էին հայտնվել նաև թուրքական լրատվամիջոցները»,- նշել է Ներսիսյանը:

Պետնախարարը գրել է, որ իրականում «անցակետով» անցած անձինք հանդիսանում էին Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում քաղաքացիական ծառայություն իրականացնող անձինք, նրանք «անցակետ» են տեղափոխվել խաղաղապահ ուժերի կողմից և նրանց տրանսպորտային միջոցներով: «Իսկ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից առաջ Ադրբեջանը փորձել է այդ դեպքն օգտագործել հերթական բեմականացման նպատակով»,- ընդգծել է պաշտոնյան:

«Տեսանյութերից ակնհայտորեն դիտվում է, թե ինչպես են ռուս խաղաղապահների տրանսպորտային միջոցները 14.08.2023թ. նրանց տեղակայման վայրից ճանապարհվում Լաչինի միջանցքի ուղղությամբ, և ինչպես են «անցակետում» խաղաղապահների տեղակայման վայրից մարդիկ անցնում Հայաստանի Հանրապետություն»,- եզրափակել է Գուրգեն Ներսիսյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print