Սենատորները ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին հորդորում են ներկայացնել ԼՂՀ շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև

«Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան այնտեղ դարերով բնակվող հայ համայնքի էթնիկ զտման փորձ»։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի քննարկմանն ընդառաջ ԱՄՆ սենատորները ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին կոչ են արել «ամուր դիրքորոշում» արտահայտել և ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ Լաչինի միջանցքի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ:

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլլան Թոմաս-Գրինֆիլդին ուղղված նամակում հանգամանորեն ներկայացնում են Լաչինի միջանցքի 8-ամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար լուրջ ճգնաժամը, որն էլ ավելի է վատթարացել հունիսի 15-ից հետո, երբ Ադրբեջանն արգելափակեց կենսական նշանակության մարդասիրական օգնության մատակարարումները։

«Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան այնտեղ դարերով բնակվող հայ համայնքի էթնիկ զտման փորձ», – գրել են սենատորները՝ վկայակոչելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատավոր Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որը նշել էր՝ «կա ողջամիտ հիմք՝ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում»:

Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլլան նաև ողջունում են այն, որ ԱՄՆ-ն աջակցել է Անվտանգության խորհրդի նիստ գումարելու կոչին։

«Որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ 2023 թ․ օգոստոսի նախագահող, մենք Ձեզ խնդրում ենք աշխատել ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամների հետ և ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ վերացնելու շրջափակումը, ինչպես նաև կանխել այն, ինչը, ելնելով փաստերից, իրենից ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու համակարգված ջանքեր։ Մենք, մասնավորապես, Ձեզ հորդորում ենք ներկայացնել բանաձև, որը կոչ կանի անհապաղ վերջ դնել շրջափակմանը և թույլ տալ տարածաշրջան մարդասիրական օգնության մուտքը», – եզրափակել են նամակի հեղինակները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print