Ադրբեջանն արդեն ութ ամիս է՝ շրջափակել է Լաչինի միջանցքը, և երբեմնի կենսունակ Լեռնային Ղարաբաղը գտնվում է հումանիտար ծանր ճգնաժամի շեմին:
Թուրք քաղաքական գործիչները, գրողներն ու իրավապաշտպանները միավորվել են՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը անհապաղ միջամտել՝ մեղմելու Ադրբեջանի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը։ Ադրբեջանն արդեն ութ ամիս է՝ շրջափակել է Լաչինի միջանցքը, և երբեմնի կենսունակ Լեռնային Ղարաբաղը գտնվում է հումանիտար ծանր ճգնաժամի շեմին:
Բաքվի կառավարության հավանությանն արժանացած և Անկարայի աջակցությամբ ամրապնդված անողոք շրջափակումը ոչ միայն մեկուսացրել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, այլև առաջացրել է վերահաս ցեղասպանության մտավախություններ:
Այս ծանր իրավիճակը դրդել է մի խումբ ազդեցիկ թուրք գործիչների իրենց ձայնը բարձրացնելու հօգուտ միջազգային գործողությունների՝ ուղղված շրջափակման դադարեցմանն ու պաշարված բնակիչներին օգնություն ցուցաբերելուն։ Նրանք համոզված են, որ անընդունելի է սպասել հումանիտար աղետի առաջացմանը նախքան գործելը։
«Ակնհայտ է, որ առաջին անհրաժեշտության իրերը հնարավոր չէ առաքել Ղարաբաղ, և բնակիչները հայտնվել են թակարդում՝ առանց բժշկական շտապ օգնության հասանելիության: Ճգնաժամի խորացմանը և միջազգային մտահոգությունների վերահաստատմանը զուգընթաց Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շարունակում է բացահայտ և շարունակաբար սպառնալ Ղարաբաղի ժողովրդին: Բանը հասել է նրան, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է զեկույց, որում Ալիևի գործողությունները Ղարաբաղում բնութագրում է որպես ցեղասպանություն»,- ասվում է խմբի հայտարարության մեջ, որը կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, մասնավորապես, ՄԱԿ-ին և ԿԽՄԿ-ին, ինչպես նաև միջազգային հանրությունը ակտիվ դիրքորոշում ցուցաբերել այս հարցում:
Հայտարարության մեջ պատմական զուգահեռ է անցկացվել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքների հետ: «Ինչպես 1948-49 թվականներին օդային տրանսպորտով ճեղքվեց Բեռլինի շրջափակումը, մենք կոչ ենք անում ճեղքել Ղարաբաղի շրջափակումը օդային մատակարարման ուղիներով՝ դրանով իսկ վերջ դնելով այս հումանիտար ողբերգությանը»,- նշել են մտավորականները։
–