Սա չի վերաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին։
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը։
Հայտնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։ Նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է ՀՀ տարածքում որսի կենդանիների համար 2023-2024 թթ. թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Հատուկ ընդգծվում է` սա չի վերաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին։ «Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել են որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները»,– նշված է հրամանում:Օրինակ` լորի որսը թույլատրվում է օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 29-ը, յուրաքանչյուր որսորդ կարող է որսալ օրական ոչ ավելի, քան 10 լոր, իսկ կռնչան բադի որսը թույլատրվում է սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի հունվարի 28-ը, յուրաքանչյուր որսորդ կարող է որսալ 2 հատից ոչ ավելի, վայրի խոզ` նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 24-ը, յուրաքանչյուր որսորդ կարող է միայն 1 կենդանի որսալ, որսի ենթակա ընդհանուր քանակը 45 հատ է։
Նախարարությունը որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցողներին հորդորում է որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով։Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է իրենց և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։
–