Այն թռիչքների մասին տեղեկատվությունը, որոնք իրականացվում են 2 պետությունների սահմանագծին, տրամադրվում է հարևան պետությանն ի գիտություն, ինչն էլ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները մինչ այժմ արել են։
Համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը և տվյալ պետության տարածքում իրականացված թռիչքները չեն համաձայնեցվում հարևան երկրների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քաղավիացիայի կոմիտեն։Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել էր, որ հայկական կողմը չի կարողանա շահագործել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Կապանի օդանավակայանը, քանի որ չունի Բաքվի հետ համապատասխան համաձայնագիր։«Այն թռիչքների մասին տեղեկատվությունը, որոնք իրականացվում են 2 պետությունների սահմանագծին, տրամադրվում է հարևան պետությանն ի գիտություն, ինչն էլ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները մինչ այժմ արել են: Հայաստանի Հանրապետությունը գործում է ինքնիշխանության հայեցակարգին և քաղաքացիական ավիացիայի ոլորտի միջազգային օրենքներին համապատասխան, որոնցով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անդամակցող յուրաքանչյուր պետություն պարտավորվում է խստագույնս ղեկավարվել»,– ասված է հաղորդագրությունում։
–