Եվ այն ամենը, ինչ այժմ անում ենք համայնքում, մեր համատեղ ուղու ապացույցներն են։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Քաջարան քաղաքի հիմնադրման 65-ամյակի հանդիսությանը հայտարարել է, որ առաջիկայում սկսվելու է Հյուսիս–հարավ ավտոճանապարհի հարավային մասի շինարարությունը։ Ըստ նախարարի՝ սա լրացուցիչ խթան կլինի հանրապետության հարավային դարպասի զարգացման համար։
«Առաջիկայում փաստաթղթային, իրավաբանական մասը կավարտենք ու կսկսենք բուն աշխատանքը, որը լրացուցիչ տնտեսական ակտիվություն կբերի, աշխատատեղերի ու բիզնեսի առումներով՝ ավելի կընդգծի Քաջարանի տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների դերը։ Նման խոշոր տրանսպորտային համակարգը ոչ միայն Սյունիքին է ծառայելու, ոչ միայն Հայաստան–Իրան կապի օղակ է լինելու , այլև ավելի մեծ տրանսպորտային հանգույցի մաս է լինելու, որն իր դրական ազդեցությունը կունենա քաղաքի զարգացման մեջ»։
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն իր խոսքում նշեց, որ Քաջարան քաղաքը հնարավոր չէ պատկերացնել առանց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության։ Համայնքի զարգացման բոլոր ծրագրերում ԶՊՄԿ-ն ունի իր ուրույն ներդրումը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Քաջարան քաղաքի ծնողն է և կարելի է ասել կյանք է տվել այս քաղաքին։ Ինչպես ամեն արժանապատիվ զավակ, այնպես էլ Քաջարանն է հոգատար վերաբերմունք ցույց տալիս իր ծնողի նկատմամբ»։
Կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին պաշտոնապես հայտարարեց՝ այս տարի Քաջարան համայնքում շուրջ 1մլրդ դրամի ներդրում կարվի:
«65 տարին երեք սերունդների ու այստեղ ձևավորված ընտանիքների, ծնված երեխաների կյանքի պատմություն է: Սա նաև ձեռքբերումների ու առաջընթացի պատմություն է: Շատ հեշտ է այս մասին խոսել, քանի որ կարծես սեփական տանն ես գտնվում: Դա այդպես է, քանի որ կոմբինատի ու քաղաքի ճակատագրերը միաձուլված են: Եվ այն ամենը, ինչ այժմ անում ենք համայնքում, մեր համատեղ ուղու ապացույցներն են»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ կարեւորեց համայնք-կառավարություն-կոմբինատ համագործակցությունը, քանի որ այդպես համայնքահեն բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։

Քաջարանի տոնի առիթով քաղաքի տարբեր թաղամասերում նոր պուրակներ ու խաղահրապարակներ բացվեցին, տոնավաճառ կազմակերպվեց, իսկ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին շնորհվեց Քաջարանի պատվավոր քաղաքացու կոչումը։
—