Նոր խորհրդակցություններ են սպասվում․ Բելգիայի ԱԳ նախարար

Բելգիայի արտգործնախարարի խոսքով՝ նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև Երևանում և Բաքվում:

Միակ ճանապարհը այս պատմական հակամարտությունից դուրս գալու համար՝ բանակցություններն ու կոմպրոմիսներն են, եթե նույնիսկ դա դժվար է։ Նման հայտարարություն է արել Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբն Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ Բելգիան մտահոգված է ԼՂ խնդրի շուրջ լարվածության կապակցությամբ։

«2023 թվականին, մասնավորապես Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումների շրջանակներում պայմանավորվածությունները դրական առաջընթաց են: Երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների տարածքային ամբողջականությունները և ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել», – նշել է նա։

Ըստ Բելգիայի ԱԳ նախարարի, Բրյուսելում կայացած վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է և երկրների ղեկավարների պարտականությունն է ամեն ինչ անել հայ և ադրբեջանցի բնակիչներին թույլ տալու խաղաղության մեջ ապրել. «Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև Երևանում և Բաքվում: Մենք հուսով ենք, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն»։

Նա ասել է, թե Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. «Բելգիան և ԵՄ-ն կշարունակեն իրենց դիվանագիտական շփումներում պնդել և գործել այս ուղղությամբ: Ինչպես գիտեք 2024 թվականի հունվարի 1-ից Բելգիան ԵՄ նախագահությունը կստանձնի, Հայաստանը եվրոպացիների համար կարևոր գործընկեր է և համաշխարհային անկայուն իրավիճակում մենք ցանկանում ենք ամրապնդել մեր գործընկերությունը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print