Առաջին հերթին մենք պետք է դադարեցնենք Լաչինի միջանցքի շրջափակումը․ Ադամ Շիֆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը X-ի (Թվիթերի) իր միկրոբլոգում ԱՄՆ իշխանություններին կոչ է արել վերջ դնել  Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության շրջափակմանը:

Իր տեսաուղերձում նա ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և անդրադարձել է այն հարցին, թե ինչ պետք է անի Միացյալ Նահանգները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և հայերի դեմ հերթական ցեղասպանությունը կանխելու համար:

«Սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաները չեն հասնում 120 հազար մարդու, ինչի հետևանքով մարդիկ սկսել են մահանալ: Ներկայումս Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակիչ շրջափակման մեջ է: Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և Ադրբեջանին միացնող Լաչինի միջանցքը փակ է տարածաշրջան ելքի ու մուտքի համար: Արդյունքում ստեղծվել է հումանիտար սուր ճգնաժամ: Այս հարցը չպետք է անտեսել:

Վերջերս տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որին, սակայն, ոչինչ չհետևեց: Մեզ բանաձև է անհրաժեշտ, որը կպահանջի վերջ տալ միջազգային իրավունքի այս խախտմանը:

Այնտեղ գտնվող մարդկանց համար անհրաժեշտ են սննդի և դեղորայքի մատակարարումներ, պետք է նրանց ազատ տեղաշարժի հնարավորություն տալ: ԱՄՆ կառավարությունը, նախագահ Բայդենի վարչակազմը շատ բան պետք է անեն այդ ուղղությամբ: Նրանք պետք է Ադրբեջանին զրկեն ռազմական օգնությունից, մենք չպետք է որևէ գումար տրամադրենք: Մենք չենք կարող լռել:   Վարչակազմը պետք է խոսի, պետք է գործի, ինչ որ բան պետք է արվի՝ հակառակ դեպքում ավելի շատ մարդիկ կմահանան:

Ադրբեջանը արդեն պատերազմ է սկսել Հայաստանի դեմ, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, նրանք շարունակում են ռազմագերիներին պահել ապօրինաբար, միջազգային իրավունքի խախտումներով, նրանց դատապարտում են առանց պատճառի: Սրան պետք է վերջ տրվի:

Առաջին հերթին մենք պետք է դադարեցնենք Լաչինի միջանցքի շրջափակումը:

Ես  խորապես անհանգստացած եմ, որ ևս մեկ ցեղասպանություն է պատրաստվում հայ ժողովրդի դեմ: ԱՄՆ վարչակազմը պետք է գործի»,- նշել է կոնգրեսականը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print