Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը. ԱՆ

Հարուցչի ոչնչացումը հնարավոր է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում, բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (120-130°C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում։

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հաշվի առնելով հիվանդության ծանր ընթացքը և հետագա բարդություններից խուսափելու նպատակով` առողջապահության նախարարությունը հորդորում է.

զե՛րծ մնացեք տնային պայմաններում պահածոներ պատրաստելուց.

մի՛ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից.

հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե՛ք բժշկի:

Բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են`

սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը.

գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը.

տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը.

խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը, հավասարակողմ կաթվածը:

Նշենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի և կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի ու զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ այն բազմանում և արտադրում է թույն: Նման պայմաններ ստեղծվում են հերմետիկ փակված պահածոներում:

Հարուցչի ոչնչացումը հնարավոր է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում, բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (120-130°C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում։ Տանը հնարավոր չէ ապահովել նշված պայմանները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print