Փլուզումը տեղի է ունեցել գիշերը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
Սյունիքի մարզում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը հուլիսի վերջին սելավի տակ է մնացել: Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։
Պարզվել է, որ հորդառատ անձրևներից հետո փլուզում է գրանցվել. ժայռաքարը փլվել է ճանապարհի վրա, ինչի հետևանքով ճանապարհի որոշ հատվածներ տուժել են: Մի հատվածը պարզապես ջրի հետ հոսել, գնացել է, մյուսները՝ արգելափակվել։
Փլուզումը տեղի է ունեցել գիշերը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
Արդյունքում Որոտան գյուղի, ինչպես նաև Բարձրավանի և Շուռնուխի բնակիչները երկու շաբաթվա ընթացքում ստիպված են եղել շրջանցիկ ճանապարհներն օգտագործել Գորիս հասնելու համար:






Շինարարները ստիպված են եղել տուժած հատվածներից մեկում ժայռը կտրել (ճանապարհը նախկին մակարդակից իջել է) և այդտեղ հողաթումբ պատրաստել։ Մնացած հատվածները մասամբ մաքրվել են քարերից և հողից։
Ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է, սակայն նոր փլուզումների վտանգ կա։
Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտություն առաջացել էր Ադրբեջանի ներկայացուցիչների` Գորիս-Կապան մայրուղին փակելուց հետո: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։
Դրա հետ մեկտեղ Խոտ-Որոտան ճանապարհին երկու անգամ փլուզում է գրանցվել, որից հետո շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել է։