Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զբաղվում է խնդրով
Մի շարք լրատվամիջոցներ նախորդ շաբաթ գրել էին, թե Flightradar24 հավելվածը վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներին Կապան տանող օդանավի թռիչքի երթուղին «ամրագրել է ոչ թե դեպի Կապան, այլ Զանգելան» (Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող)։
Տեղեկության սկզբնաղբյուրը Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, ընդդիմադիր Էդգար Ղազարյաննի օգոստոսի 19-ի ֆեյսբուքյան գրառումն էր։ Այն տարածել էին armlur.am, panorama.am, yerkir.am, pastinfo.am, aysor.am, 168.am լրատվական կայքերը և անգամ ադրբեջանական haqqin.az-ը։
Տեղեկությունը սոցցանցերում քննարկումների առիթ է դարձել։ #CivilNetCheck-ը փորձել է հասկանալ, թե ինչով է պայմանավորված Flightradar24 հավելվածում այս «սխալմունքը»։
Պատճառն այն է, որ Կապանի օդանավակայանը կայքում գրանցված չէ
Երևանի «Զվարթնոց»-ից դեպի Կապանի «Սյունիք» օդանավակայան կանոնավոր թռիչքները օգոստոսի 21-ից իրագործում է «ՆովԷյր» ավիաընկերությունը՝ իր L-410 տիպի EK4117 գրանցման կոդով քաղաքացիական օդանավով։
Այս օդանավով է օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել Սյունիքի մարզ և հայտարարել հաջորդ շաբաթվանից Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների մեկնարկի մասին։
Ուսումնասիրելով օդանավերի թռիչքները ցուցադրող շվեդական Flightradar24 կայքում այս օդանավի վերջին օրերի չվերթները՝ պարզ է դառնում, որ միայն Կապանից Երևան չվերթների սկզբնակետն է կայքը ցույց տալիս որպես Զանգելան, այնինչ Երևանից Կապան չվերթների վերջնակետը միշտ նշում է որպես անհայտ։
Խնդիրն է այն է, որ Flightradar24-ում Կապանի «Սյունիք» օդանավակայանը գրանցված չէ, իսկ մոտակա գրանցված օդանավակայանը «Զանգելանի միջազգային օդանավակայանն» է, որը քարտեզի վրա նշված է օդանավակայանի կապույտ նշանով։
Այս պատճառով է կայքը սխալմամբ ցույց տալիս, թե իրականում Կապանից մեկնած օդանավը թռել է Զանգելանից։
Այս կայքում գրանցված են և քարտեզում երևում են Հայաստանում գործող միայն Գյումրիի «Շիրակ» (UDSG/LWN) և Երևանի «Զվարթնոց» (UDYZ/EVN) օդակայանները, որոնց տրված են միջազգային եռանիշ IATA և քառանիշ ICAO կոդեր։ Կապանում գտնվող «Սյունիք» օդանավակայանը ICAO կոդ վերջերս է ստացել, իսկ IATA եռանիշ կոդ՝ դեռ ոչ։
Flightradar24-ը պարզաբանում է, որ քարտեզի վրա բացակայում են այն փոքր օդանավակայանները, որոնք չեն իրականացնում ամենօրյա և կանոնավոր չվերթներ, իսկ տվյալների բազայում ավելացվում են IATA կոդ ունեցող օդանավակայանները։
Flightradar24-ը թռիչքի վերաբերյալ տվյալները վերցնում է մի քանի աղբյուրներից։ Օդանավի նույնականացման տվյալները, ընթացիկ դիրքը (կոորդինատները), բարձրությունը, արագությունը և այլն ստացվում է օդանավի ADS-B հաղորդիչից ցամաքային ընդունիչների միջոցով, իսկ չվերթի վերաբերյալ տվյալները՝ ավիաընկերությունների կամ օդանավակայանների հրապարակվող չվացուցակներից։
Հայաստանի քաղավիացիայի և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կայքերում հրապարակված չվացուցակներում չկան ո՛չ Երևան-Կապան, ո՛չ էլ՝ Կապան-Երևան չվերթները։ Այս չվերթները իրագործող «ՆովԷյր» ավիաընկերության կայքում առհասարակ չկա չվացուցակ։ Այսինքն՝ Flightradar24-ը հնարավորություն չի ունեցել որևէ տեղից ստանալ չվերթի վերաբերյալ տվյալը և ամեն անգամ «Սյունիք» օդանավակայանից օդանավի թռիչքից հետո որպես սկզբնակետ է ընտրել ամենամոտ գրանցված օդանավակայանը։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զբաղվում է խնդրով
Քաղավիացիայի կոմիտեից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ տեղյակ են խնդրից և քայլեր են իրականացնում այդ ուղղությամբ։
Կոմիտեից տեղեկացրին, որ Կապանի «Սյունիք» օդակայանը հունիսի 5-ին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից արդեն իսկ ստացել է իր ICAO կոդը՝ «UDCK»։ Այն բացակայում է ICAO-ի կողմից 2023-ի մարտին հրապարակված ցանկում և հասանելի կլինի 2023-ի սեպտեմբերին DOC 7910/188 փաստաթղթում։
«Սյունիք» օդանավակայանի մամուլի ծառայությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ օդանավակայանը շուտով կդիմի նաև Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիային՝ IATA եռանիշ կոդի ստացման համար։