Օգոստոսյան խորհրդակցություն Կապանում

Մարզի դիմորդների 80,9 %-ն ընդունվել են բուհեր

Սյունիքի մարզում՝ Կապանում և Գորիսում, տեղի են ունեցել 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին նվիրված քննարկումներ՝ մարզի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:

Օգոստոսյան խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա ՍվաջյանըԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, նախարարության և մարզպետարանի այլ աշխատակիցներ, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչներ։

Խորհրդակցության մեկնարկին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նախ ներկայացրել է նախորդ տարվա միասնական քննությունների և բուհերի ընդունելության Սյունիքի մարզի վիճակագրությունը ու նշել, որ մարզի դիմորդների 80,9 տոկոսն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատությունները, որը մինչև այժմ այցելած մարզերի շրջանում ամենաբարձր ցուցանիշն է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ուսումնական տարում կրթական համակարգում իրականացվելիք նոր ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանը, որն այս տարի կգործի 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում, նոր դասագրքերին, դպրոցների կառավարման, ֆինանսավորման նոր մոդելներին, կամավոր ատեստավորմանն ու մանկավարժների մասնագիտական զարգացման հնարավորություններին, բնագիտական առարկաներ դասավանդողների լրավճարներին, նախակրթարաններին: Քննարկվել է Սյունիքում նոր կառուցվելիք դպրոցների շինարարության ընթացքում դասերը կկազմակերպման հարցը, անդրադարձ է եղել դպրոցներում պարտադիր դարձող հոգեբանի գործունեության անհրաժեշտությանը:

Խոհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ կրթության տեսչական մարմնի վերլուծությունները, այն իրավական ակտերը, որոնցով փոփոխություններ են կատարվում կրթության ոլորտում, ներառական կրթության հետ կապված ու ԿԶՆԱԿ-ի գործունեությանն առնչվող անելիքները։

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ ներկայացուցիչները հանդիպել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ՝ նախադպրոցական կրթությանն առնչվող նորամուծությունները ներկայացնելու նպատակով:

Անդրադառնալով ոլորտի բարեփոխումներին` նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել տնօրենների հավաստագրման գործընթացի, նախադպրոցական համակարգում որակավորման տարակարգի ներդրման, նախադպրոցական կրթության նոր չափորոշչի ներդրման մասին: Նշվել է, որ անցած տարվանից փորձարկվում է նախադպրոցական կրթության չափորոշիչը․ այն փորձարկվել էր 60 հաստատությունում. այս տարի կներդրվի ևս 130 հարստություններում:

Նշենք՝ 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունների շարքը մեկնարկել է օգոստոսի 21-ին Արագածոտնի մարզից և կավարտվի օգոստոսի 29-ին` Երևանում: Նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների և հանրակրթության մարզային պատասխանատուների հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print