ԻԻՀ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Մեհդի Սոբհանին

Ցուցահանդեսին մասնակցում է Իրանի 7 ազատ տնտեսական գոտիների մոտ 60 կազմակերպություն և շուրջ 50 ընկերություն Հայաստանից։

Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին և շեշտել՝ մենք քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ։ Իրանի համար սկզբունքային է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը՝ վստահեցրել է դեսպանը։ Նա այսօր մասնակցել է Երևանում իրանական տնտեսական ցուցահանդեսի բացմանը։  

«Հայաստանի և Իրանի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը ներկայում 700 մլն դոլար է կազմում, սակայն երկրներն իրենց առջև նպատակ են դրել ցուցանիշը հասցնել 3 մլրդ դոլարի։ Այս նպատակին հասնելուն է միտված նաև Իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու կազմակերպության՝ առաջին անգամ Հայաստանում նախաձեռնած Էքսպո-2023 ցուցահանդեսը»։

Ցուցահանդեսին մասնակցում է Իրանի 7 ազատ տնտեսական գոտիների մոտ 60 կազմակերպություն և շուրջ 50 ընկերություն Հայաստանից։

Չնայած նախորդ երկու տարիներին Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է, այնուամենայնիվ նկատելի է, որ աճի տեմպերը դանդաղել են։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նշեց, որ անհրաժեշտ է նոր հնարավորություններ գտնել և երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի թիրախին, որը նախանշել են երկու երկրների ղեկավարները։

«Մենք տեսնում ենք, որ ազատ տնտեսական գոտիների մեջ կամ միջոցով համագործակցությունը նոր թափ կտա երկկողմ առևտրաշրջանառության և համագործակցության ավելացմանը»։ 

Ցուցահանդեսում իրանական ընկերությունները ներկայացնում են արտահանման հնարավորությունների փաթեթներ։

Իրանցի ներդրողներն այսօր Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են՝ Ռուսաստանից հետո։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print