Խաղարկությունը նվիրված է Արցախի Հանրապետության Անկախության տոնին։
Արցախի Հանրապետության Անկախության տոնին նվիրված ԱՀ Շախմատի ֆեդերացիան սեպտեմբերի 4-ից մինչև 8-ը կազմակերպելու է Արցախի Հանրապետության Շախմատի ֆեդերացիայի գավաթի խաղարկություն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
«Մրցաշարին մասնակցելու է 32 շախմատիստ: Մրցաշարը անց է կացվելու արագ շախմատի կանոններով, օլիմպիական մրցակարգով, 5 խաղափուլով, ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Յուրաքանչյուր օր կխաղարկվի 1 խաղափուլ, որում յուրաքանչյուր շախմատիստ կխաղարկի երկու պարտիա՝ սպիտակներով և սևերով: Հավասարության դեպքում մասնակիցները լրացուցից կխաղան երկու բլից պարտիա, վերոնշյալ կետերի հավասարության դեպքում կխաղարկվի «Մահվան» պարտիա կամ «արմագեդոն» նոկաուտ համակարգով, կայծակնային շախմատի կանոններով. ամբողջ պարտիայի համար սպիտակներին կտրվի 5 րոպե, իսկ սևերին 4, ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթող կողմ են ճանաչվում սևերը։ Յուրաքանչյուր մարզիկին տրվելու է 25 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից: Խաղասկզբի համար սահմանված ժամից 10 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն: Մասնակիցը երկրորդ անհարգելի բացակայության դեպքում կհեռացվի մրցաշարից: Հաղթողը որոշվելու է օլիմպիական մրցակարգի` ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն:
Մրցաշարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված շախմատիստները կպարգևատրվեն Արցախի շախմատի ֆեդերացիայի կողմից պատվոգրով և դրամական պարգևով», — ասված է հրապարակման մեջ: