«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախում ներքաղաքական կրքերը, որ փոթորկվել էին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մտադրության պատճառով, չեն դադարում։ Չնայած Հարությունյանը հետ կանգնեց հրաժարական տալու մտքից, սակայն քաղաքական դաշտի աժիոտաժը չի մարում։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի մտադրության մասին հաղորդել էր քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներին, հանդիպում էր կազմակերպել խորհրդարանական ուժերի ղեկավար կազմի եւ պետական ու քաղաքական մի խումբ այրերի հետ ու տեղեկացրել, որ հեռանում է։ Հանդիպմանը, մեր տեղեկություններով, ներկա էին եղել նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, խմբակցության ղեկավար Արթուր Մոսեյանը, «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանը, ԱԺԿ ղեկավար Աշոտ Ղուլյանը, եւս մեկ հոգի, որի ինքնությունը մեզ չհաջողվեց պարզել։ Այս հանդիպումից հետո հակասական տեղեկատվություն տարածվեց, որոշ աղբյուրներ պնդում էին, թե ներկաները եւ հատկապես Բակո Սահակիչը թույլ չեն տվել Հարությունյանին հրաժարական տալ՝ ասելով, թե ներկա իրավիճակում դա կարող է աղետաբեր լինել Արցախի համար: Իսկ մի քանի օր անց Ռուբեն Վարդանյանը հրապարակային ամոթանք տվեց Արայիկ Հարությունյանին` սուտ խոսելու եւ հրաժարական ներկայացնելու մտքից հրաժարվելու համար։
«Շաբաթվա սկզբում Դուք ասում էիք, որ հրաժարական եք տալու, ու Ձեզ պետք չի համոզել, որովհետեւ որոշումն արդեն կայացրել եք, ու դա առաջին անգամ չէ։ 8 հոգուց, որ ներկա էին այդ հանդիպմանը, մի մասն արդեն չէր հավատում Ձեր խոսքին: Մի մասն էլ ասում էր՝ գուցե այս անգամ ճի՞շտ է ասում»,- Արցախի վերակառուցվող Հակոբավանքից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր Վարդանյանը։
Ոմանց պնդմամբ՝ Ռուբեն Վարդանյանի այս էմոցիոնալ ելույթը չէր լինի, եթե Արայիկ Հարությունյանի կողմնակիցներն Արցախում խժդժություններ չանեին եւ չփորձեին հրաժարականի հետողորմյան արդարացնել այլոց եւ մանավանդ պետական ինստիտուտների դեմ տեռորով, որն իրականացրեց աշխարհազորայինների հրամանատար Կարեն Մաթեւոսյանը՝ ներխուժելով խորհրդարան եւ հաշիվ պահանջելով դաշնակցական խոսնակ Դավիթ Իշխանյանից։
Եվ եթե օրեր անց թվում էր, թե այս չկայացած հրաժարականի պատմությունն այլեւս անցյալում է, հիմա էլ Սամվել Բաբայանն է ակտիվացել եւ սկանդալային հայտարարություններ է անում։ Երեկ ԱԽ նախկին քարտուղարն Արայիկ Հարությունյանից պահանջել է հրապարակել ապագա նախագահի եւ կառավարության անդամների թեկնածուների անունները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ փորձելով ցույց տալ, թե Արցախում աթոռակռիվ է, եւ անցած շաբաթ Հարությունյանի հետ հանդիպած անձինք կամ, ինչպես Բաբայանն է բնորոշել, ութնյակը իշխանության կռիվ են տալիս։ «Բեմում՝ հանդիսատեսի առջեւ միասնականություն եւ համերաշխություն քարոզող, կուլիսների ետեւում միմյանց չհանդուրժող եւ մերժող քաղաքական խմբակները տառապում-տապակվում են, որ մասնակից չեն Արցախի վերջնական հանձնմանը»,- գրված է Բաբայանի անունից տարածված հայտարարության մեջ:
«Ժողովրդի ներկայացուցչական մարմնում յոթ մանդատով ներկայացված խոշորագույն քաղաքական ուժերի եւ նրանց աշխարհաքաղաքական մտքի գիգանտներ հանդիսացող պադվալային առաջնորդների անվեհեր պայքարի եւ համախոհության արդյունքում հնարավոր եղավ հաջողացնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Նպատակը, ինչ խոսք, արդարացնում է միջոցները, առավել եւս, երբ այդ նպատակը համազգային է՝ անմասն չմնալ թալանի համար մղվող համահայկական Ավարայրներից եւ Սարդարապատներից։ Գործադիր իշխանությունը, սակայն, առավել հարմար միջավայր է համազգային այդ նպատակների իրագործման համար, ուստի կրկին համախոհաբար պիտի ձեռքը գցել նաեւ կառավարությունը։ Այս առումով ինտրիգի առաջին մասը բացահայտված է․ մեծ ութնյակը նախագահին հրաժարական է պարտադրել(ու)։ Որպեսզի ինտրիգն ամբողջանա, պիտի նաեւ իմանալ, թե նախագահի պաշտոնում ում թեկնածությունն է պարտադրվել գործող նախագահին, որպեսզի վերջինս իր հերթին համոզի իր քաղաքական թիմին՝ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ խորհրդարանական խմբակցությանը։ Ի դեպ, պակաս կոլորիտային չէ նաեւ ապագա կառավարության կազմը»,- դիմակներ է պատռում Բաբայանը։
Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ Բաբայանի հայտարարությունը ծայրից ծայր սուտ էութնյակը ո՛չ նախագահի թեկնածու է առաջադրել, ո՛չ կառավարության նոր կաբինետ «կազմել», իսկ Բաբայանի հայտարարության նպատակը բոլորովին այլ է
նա խանդով է վերաբերվում, որ Արցախի խորհրդարանում 3 մանդատ ունեցող Դաշնակցության ներկայացուցիչը դարձել է ԱԺ նախագահ, իսկ ինքը, լինելով խորհրդարանական երկրորդ ուժի՝ 9 մանդատ ունեցող «Միասնական հայրենիքի» նախագահը, չկարողացավ հասնել պետնախարարի պաշտոնին, որը պահանջում էր Արայիկ Հարությունյանից: Բայց դեռ հույսը չի կտրել՝ ստանալ իր հասանելիքը։
Մենք զրուցեցինք «Արդարություն» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի հետ հանդիպմանը մասնակցած Հակոբ Հակոբյանի թիմակից Մետաքսե Հակոբյանի հետ, ով եւս հերքեց Բաբայանի գրածը։ Նա նախ նկատեց, որ Բաբայանի տարածած հայտարարությունը քաղաքական չէր, եւ այն հայտարարություն անվանելն էլ սխալ է․ «Ոչ գրագետ տեքստ, որը զուրկ էր տեղեկություններից, այն ավելի շատ նեղացած, խռոված մարդու խոսք էր։ Խռոված, որ ինչու, ենթադրենք, ութնյակից մեկն էլ ինքը չի եղել»։ Իսկ իրականությունը, ըստ Հակոբյանի, այն է, որ Արայիկ Հարությունյանը քանիցս «հրաժարականի» նման փորձեր է արել, եւ որեւիցե մեկը չէր կարող լուրջ վերաբերվել դրան․ «Պատահական չէ, որ այդ հանդիպումից հետո եղավ «Կարեն Մաթեւոսյան» օպերացիան, որպեսզի արդարացնի, թե ինչու հրաժարական չի լինելու։ Հստակ է, որ որեւէ պայմանավորվածություն` իշխանությունը փոխանցելու վերաբերյալ, չի եղել»։ Հակոբյանը չի կարող ասել՝ Բաբայանը նման «սուտ» տեղեկություններ տարածելով ինչ նպատակ է հետապնդում, սակայն ընդգծում է, որ Դավիթ Իշխանյանին չեն «զիջել» պաշտոնը․ «Դավիթ Իշխանյանը ո՛չ պաշտոն է պահանջել, ո՛չ էլ նման նպատակ է հետապնդել։ Անձամբ Արայիկ Հարությունյանն ու իր թիմն են առաջարկել, այլ բան է, որ այդ առաջարկը «Միասնական հայրենիքի» կարծիքի հետ չի համընկել։ Այսինքն՝ որեւէ մեկը Դավիթ Իշխանյանին պաշտոն չի զիջել, որ հիմա էլ մեկ ուրիշին զիջի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։